ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստանյութի ստեղծման մրցավազքը վերածվել է իշխանության համար մղվող համաշխարհային պայքարի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման մրցավազքը, հավանական է, որ սկսվել է որպես լուրջ գիտական աշխատանք, բայց «մուտացիայի ենթարկվելով» վերածվել է անխնա աշխարհաքաղաքական խաղի, որում երկրները միմյանց դեմ են դուրս գալիս: Տիեզերական մրցավազքի բժշկական տարբերակի նման, այն վերածվել է հեղինակության համար պայքարի, որը ցույց կտա, թե որ երկիրն է ամենախելացին և որ երկիրը կկարողանա աշխարհին ստիպել պատվաստվել իր պատվաստանյութով: Այս մասին անգլիական «The Spectator» թերթի իր հոդվածում գրել է Մեթյու Լիննը:

Պատվաստանյութի ստեղծումը միշտ եղել է դժվար և ժամանակատար: Երբ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հասարակությունը մեկուսացման ենթարկվեց, իսկ տնտեսությունը չտեսնված տեմպերով փլուզվեց, համաշխարհային առաջնորդները սկսեցին խուճապի մատնվել: Պատվաստանյութի ստեղծումը նրան համար հրատապ անհրաժեշտություն դարձավ:

Լրագրողը նշել է, որ ՀԱԿ-ը փորձում է երկրներին ներգրավել իր Covax ծրագրում, որը համագործակցության միջոցով երկրների համար ապահովում է պատվաստանյութի արագ և հավասար հասանելիություն, սակայն փորձերը դեռևս անհաջող են:

Պատվաստանյութի մշակման ամերիկյան ծրագիրը կոչվում է «Operation Warp Speed», որն «Աստղային ճանապարհի» ակնարկ է:

Ռուսական պատվաստանյութ «Спутник V»-ն անվանվել է արբանյակի անունով, որը 1957 թվականին աշխարհին ապշեցրել է և մինչ օրս համարվում է Խորհրդային Միության գիտական նվաճումների գագաթը: Պատվաստանյութը իմունային պատասխան է առաջացրել փորձարկումների ենթարկված 76 կամավորների մոտ. քանի որ դեռևս ոչ մի գիտական ապացույց չի հրապարակվել, Ռուսաստանի ինքնահռչակ հաղթանակը մի փոքր վաղաժամ է թվում: Այժմ 40 հազար մարդ պատվաստվել է «Спутник V»-ով. պատվաստումների արդյունքները պատրաստ կլինեն հաջորդ ամսվա ընթացքում: Այսինքն, չնայած նրա արդյունավետությունը դեռ ապացուցված չէ՝ ռուսական պատվաստանյութը պաշտոնապես հաստատված առաջին պատվաստանյութն է:

Այսօր «Спутник V»-ը համարվում է 34 առաջադեմ պատվաստանյութերից մեկը, որը բրիտանական պատվաստանյութ-թեկնածուի հետ հավասար՝ կլինիկական փորձարկումներ է  անցնում: Թե՛ բրիտանական և թե՛ ռուսական պատվաստանյութերը գործում են նույն կերպ. դրանց մեջ օգտագործվում են ադենովիրուսներ՝ ձևափոխված այնպես, որ նրանք չկարողանան կրկնօրինակվել, ուստի նրանց ԴՆԹ-ն  կոդավորում է Sars-CoV-2 սպիտակուցը: Սա իմունային պատասխան է առաջացնում, որը պետք է կանխի կորոնավիրուսով վարակվելը:

Բրիտանական «AZD1222» պատվաստանյութը մշակվում է «ԱստրաԶենեկա» ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենկոկը հայտարարել է, որ պատվաստանյութը պատրաստ կլինի, ամենայն հավանականությամբ, «հաջորդ տարվա առաջին ամիսներին»:

Միևնույն ժամանակ, երկու առաջատար չինական պատվաստանյութ-թեկնածուների մշակման ընթացքում օգտագործվել է «ապաակտիվացված պատվաստանյութի տեխնոլոգիան», որը համարվում է ավանդական մեթոդիկա և կիրառվում է գրիպի ու կարմրուկի բուժման համար:

Չինաստանում գիտական հետազոտություններն այնքան առաջադեմ չեն, որքան ԱՄՆ-ում կամ Եվրոպայում, բայց երկրի ուժը կարող է հանդիսանալ նրա ահռելի ռեսուրսները (Ժողովրդական-ազատագրական բանակի տասնյակ հազարավոր պատրաստ կամավորները ներառյալ) մոբիլիզացնելու կարողությունը, ինչը աշխատանքը կայծակնային արագությամբ իրագործելու հնարավորություն կտա: Երբեմն արագությունը նույնքան կարևոր է, որքան գիտական հետազոտությունները. չինական պատվաստանյութը կարող է դրա օրինակը հանդիսանալ:

Covid-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող էր դառնալ համաշխարհային գիտական նախագիծ: Բայց այն վերածվել է Մեծ խաղի ժամանակակից տարբերակի՝ երկրների միջև իշխանության և ազդեցության համար պայքարի: Եվ այս խաղը դեռ նոր է սկսվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular