Վեներայի վրա կյանքի նշաններ են հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱստղագետները հաղորդել են, որ Վեներայի մթնոլորտի վերին շերտերում հայտնաբերվել են ֆոսֆինի խորհրդավոր հետքեր: Այս միացությունը հանդիսանում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք, և գիտնականներին դեռևս հայտնի չեն թունավոր գազի այլ աղբյուրներ: Երկրին ամենամոտ մոլորակի վրա կյանքի հնարավոր նշանների մասին հաղորդել է “Live Science”-ը:
Ֆոսֆինը հայտնաբերվել է Չիլիում ALMA ռադիոհեռադիտակների համալիրի և Հավայան կղզիներում Ջեյմս Կլերկ Մաքսվելի հեռադիտակի օգնությամբ: Ֆոսֆինը պարունակվում է այնպիսի քանակությամբ, որ անհնար է բացատրել աբիոտիկ մեխանիզմներով, այսինքն՝ գործընթացներով, որոնց կենդանի օրգանիզմներ չեն մասնակցում: Երկիր մոլորակի վրա ֆոսֆին արտադրում են անաէրոբ օրգանիզմները, որոնք շնչելիս թթվածին չեն օգտագործում:
Թունավոր գազը հանդիպում է նաև հսկա մոլորակների մթնոլորտում քիմիական գործընթացների պատճառով, որոնք տեղի են ունենում ճնշման տակ ընդերքի խորքում: Այնուամենայնիվ, Վեներայի վրա ոչ մի հայտնի քիմիական գործընթաց չէր կարող հանգեցնել ֆոսֆինի առաջացման: Գիտնականների կարծիքով քիչ հավանական է, որ տաք թունավոր մթնոլորտ ունեցող մոլորակի վրա կարողանան գոյատևել կենդանի օրգանիզմներ, իսկ ֆոսֆինն, ամենայն հավանականությամբ, արտադրվում է ինչ-որ անհայտ քիմիական գործընթացի արդյունքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը