ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի շրջանս յուր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վստահ եմ` կհամաձայնեք շատերդ, որ այսօր այնպիսի տպավորություն է, թե դրսում 2017 թվականն է, այլ ոչ թե 2020 թ․-ի աշունը։ Իրականությունը քարացած է, իսկ մենք՝ ժամանակի և տարածության միջև խցանված։ Իհարկե, տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունն» այսպիսի անճոռնի ընթացք ունեցավ, չէ՞ որ «հեղափոխականությունը» ենթադրում է դուրս գալ աստիճանական զարգացման տրամաբանությունից և այլընտրանքային ցատկ արձանագրել։ Իսկ հիմա ո՛չ հեղափոխական ցատկը կա, և ո՛չ էլ աստիճանական զարգացումը։ Ընդհանրապես ընթացք չկա, դրան փոխարինել է տարերային շրջապտույտը, այսինքն, իրականությունը խցանվել է ինչ-որ տարածությունում և շարժվում է դարձ ի շրջանս յուր տրամաբանությամբ։ Ասվածի վկայությունը «հեղափոխական կառավարության» հռետորաբանությունն է և դրա հիմքի վրա կազմակերպվող գործունեությունը։
 
2020 թ․-ին էլ Փաշինյանի տեքստերը ոչնչով չեն տարբերվում 2018 թ․-ի ապրիլին հեղափոխություն իրականացնող Նիկոլի տեքստերից։ Նույն տոնայնությունը, նույն բառերն ու նախադասությունները, նույն հերոսներն ու հակահերոսները, ոչինչ չի փոխվել և վստահաբար չի էլ փոխվելու։ Եթե անկեղծ՝ սեփական դեմքը փրկելու համար կարելի էր գոնե ինչ-որ ձևական փոփոխություններ մտցնել, օրինակ՝ խոսել հանրապետության վարչապետի դիրքերից, խնդիրները ձևակերպել՝ պետական շահն ու հետաքրքրությունները որպես ելակետ դիտարկելով, բայց մյուս կողմից էլ ինչո՞ւ բարդացնել ամեն ինչ, եթե հնարավոր է քաղաքական միտքը թաղել միֆականության ճահճի մեջ և քաղաքացիներին փրկագործական շանտաժի ենթարկել։ Սա է ողջ խնդիրը՝ քարացած և անշարժ իրականությունը, որը ներկայացվում է որպես հեղափոխության շարունակություն։
 
Իրականում ոչ մի հեղափոխություն էլ չկա, քանի որ այն ինքնասպանություն է գործել, այսինքն՝ երևույթը չկա, մնացել են միայն դրա լոզունգները, որոնք ակտիվացվում են ըստ անհրաժեշտության և պահանջարկի։ Նիկոլ Փաշինյանի համար հեղափոխության էջը փակված է դեռևս վարչապետ դառնալուց ի վեր, իսկ հեղափոխական լոզունգները գործի են դրվում միայն այն դեպքում, երբ սուպերվարչապետական գահին ինչ-որ վտանգ է սպառվում՝ իրական, թե՛ երևակայական։ Այս իմաստով քաղաքացիները պարտված են, նրանց իրականացրած հեղափոխությունն այլևս չկա։ Սա դրվագային պարտություն չէ, այլ՝ քայքայիչ հապաղում դեպի ապագա ընթացքում։ Առաջին հայացքից պնդումն այս աբսուրդային է, բայց Հայաստանի մարդիկ հայտնվել են հենց այսպիսի աբսուրդային իրավիճակում։ Նրանց դատապարտել են պարտվել բոլոր իրավիճակներում և պարտվել հեղափոխության պատրանքին, որն իրենք են իրականացրել։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular