ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունն առաջնորդվում է աչքաչափով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապացուցված է այն ճշմարտությունը, որ երկրի մասշտաբով համակարգային փոփոխությունների ծրագիր, հայեցակարգ, ռազմավարություն և միջոցառումներ կազմելը ենթադրում է այդ ամենը պատկերացնող իշխանության առկայություն: Այդ ամենը չպատկերացնող իշխանությունը, ամեն անգամ քնից արթնանալով, ձեռքը գցում է ինչ-որ երևույթի՝ չպատկերացնելով, որ նախորդ օրն արել էր դրա հակառակը: Դեռևս ոչ վաղ անցյալում՝ ընդամենը մի քանի ամիս գործունեություն չծավալող տնտեսվարողների կորուստներն ինչ-որ ձևով մեղմելու նպատակով իշխանությունը նրանց նվազագույն չափով աջակցություն տրամադրեց: Նույն ձևով որոշակի գումարներ ստացան պարապուրդի մատնված նրանց աշխատակիցները: Թե որքան էր դա տեղին կամ ոչ՝ այլ հարց է, և տվյալ դեպքում կարևորը երևույթն է:

Դրանից անմիջապես հետո կամ նույնիսկ դրան զուգահեռ իշխանությունը նախաձեռնեց կոնկրետ մեկ ոլորտի՝ հագուստ ներկրող տնտեսվարողների ապրանքների մաքսազերծման գների բարձրացում: Փաստացի տեղի ունեցավ տիպիկ այն երևույթը, որը բնորոշվում է «աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը» ձևափոխված աստվածաշնչյան ասույթով: Դրանից բնականաբար տուժելու են ոչ միայն ներկրողները, այլև այդ ապրանքը սպառողները, այսինքն՝ հասարակության մեծ մասը: Հասկանալի է, որ իշխանությունը գնաց դրան բյուջեի ճեղքվածքները փակելու նպատակով: Բայց արդյոք այսօր հենց այն պահն է, որ բյուջեի ճեղքվածքը պետք էր փակել վաճառականների և վերջնական առումով սպառողների հաշվին: Վաճառականները, բնականաբար, հանգիստ չէին նստելու տեղները, և տեւական բողոքի ցույցեր անելը կարծես հաջողությամբ է պսակվել՝ նրանց խոստացել են չեղարկել նախատեսված փոփոխությունները:

Վերադառնանք համակարգային փոփոխությունների ծրագիր, հայեցակարգ, ռազմավարություն և միջոցառումներ կազմելու գաղափար ասվածին: Ի՞նչ է սա․ ըստ էության՝ դա նշանակում է, որ առաջին քայլը չպետք է լիներ մաքսազերծման մեխանիզմի փոփոխությամբ մաքսատուրքերի բարձրացումը, որն ի դեպ, հանրությանը մատուցվեց «չկերակրենք թուրք զինվորին» կարգախոսով: Դա պետք է լիներ միջանկյալ քայլ այն բոլոր նախնական քայլերից հետո, որոնք կկատարվեին տեղական շուկան տեղական ապրանքներով լցնելու ուղղությամբ: Եվ միայն այդ դեպքում ոչ միայն կարելի կլիներ արհեստականորեն թանկացնել թուրքական ապրանքները, այլև ընդհանրապես դրանք դուրս մղել հայկական շուկայից: Ի դեպ, 30-20-10 տարի առաջ ևս մարդիկ հանդես են եկել թուրքական ապրանքների բոյկոտի գաղափարով, բայց դա որևէ արդյունք չտվեց, քանի որ նախորդ իշխանությունը ոչինչ չարեց, որպեսզի այդ գաղափարն ամրագրվի ռեալ բովանդակությամբ, և նրա գործն այսօր շարունակում է հեղափոխական իշխանությունը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular