Կենսաբանության առարկայական չափորոշիչների շուրջ բարձրացված աղմուկի հետքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿենսաբանություն առարկայի չափորոշիչների մասին շրջանառվող տեղեկությունները ճշտելու և լուրերի իսկությունը պարզելու համար 1or.am-ը զրուցել է կենսաբանության առարկայական չափորոշիչների ծրագրի փորձագիտական աշխատանքային խմբի համաղեկավար Նարինե Քսաջիկյանի հետ:
1or.am-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ 8-րդ դասարանի կենսաբանության առարկայի նոր մշակված չափորոշիչների համաձայն, ինչպես նաև գործող չափորշչում աշակերտները պետք է ուսումնասիրեն մարդու օրգանիզմի մասին գիտություններ՝ անատոմիա, ֆիզիոլոգիա և հիգիենա:
Նոր ծրագրի համաձայն աշակերտները պետք է ուսումնասիրեն մարդու բոլոր օրգան-համակարգերը, այդ թվում՝ նաև վերարտադրողական համակարգը: Սակայն, այդ թեմայի նպատակներում և վերջնարդյունքներում չի ներառված հակաբեղմնավորիչների տեսակների, գործունեության, նպատակների և նմանատիպ այլ երևույթների մասին տեղեկությունների հաղորդում:
«Այդ տարիքի սովորողները դեռահասության և սեռահասունացման շրջանում են և, մեր կարծիքով, պետք է գիտակցեն մարդու, ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ, բազմացման ունակությունը, նկարագրեն վերարտադրողական առողջության պահպանմանը նպաստող հիգիենայի կանոնները և բացատրեն դրանց հետևելու կարևորությունը, սակայն, ռիսկային է հակաբեղմնավորման մասին խոսելը, քանի որ այն կարող է ոչ ճիշտ ընկալումների հանգեցնել:
Չնայած, միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլ երկրների կենսաբանության առարկայական չափորոշիչում նշված են հակաբեղմնավորման և այլ հարցերի հետ կապված դրույթներ, բայց մեր կողմից մշակված չափորոշիչներում այդ վերջնարդյունքի կամ նպատակների մասին որևէ խոսք չկա: Նշեմ նաև, որ մեր նախնական պատկերացնումներում մտածել ենք, որ հնարավոր է ավելի շեշտադրել այդ հարցը, սակայն, ծրագրի վերանայումից հետո որոշ վերջնարդյունքներ վերաձևակերպվել են և խմբում որոշում է կայացվել 8-րդ դասարանում ներառել միայն ընդհանուր վերարտադրողական համակարգի մասին, ոչ ավելին»,- ասաց Ն. Քսաջիկյանը:
Ուստի, 8-րդ դասարանի չափորոշիչում հակաբեղմնավորիչների տեսակների և դրանց գործածության մասին ներառում չկա:
«Եվրոպայի, Ամերիկյայի, Սինգապուրի, Էստոնիայի փորձը ուսումնասիրելիս՝ մենք տեսանք, որ այնտեղ 8-րդ դասարանի ծրագրերում ավելի շատ տեղեկություններ են ներառված այդ թեմայի շուրջ, բայց փորձագետների խումբը ոչ թե վերցրել և տեղայնացրել է միջազգային փորձը, այլ երևույթները քննարկել է մեր բազմամյա դասավանդման փորձի, մենթալիտետի, ընտանիքի, երեխայի դաստիարակության արժեհամակարգի տեսանկյունից:
Խոսելով կենսաբանության12-րդ դասարանի չափորոշիչների մասին՝ փորձագետը նշեց, որ այդտեղ ևս կա մարդու անատոմիային և ֆիզիոլոգիային վերաբերող թեմաներ, որտեղ անդրադարձ է կատարվում հակաբեղմնավորման երևույթի և դրա գիտական ընկալումների մասին, սակայն ևս չի շեշտադրվում հակաբեղմնավորիչների տեսակների և կիրառական այլ հասկացությունների մասին:
12-րդ դասարանի տարիքային խմբում խոսքը 16-18 տարեկանների մասին է, շրջանավարտն իրավունք ունի տեղեկանալ, թե որն է վերարտադրողական առողջությունը: Դա ամրագրված է նաև մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի hոդված 5-ում՝ դեռահասների վերարտադրողական առողջության պահպանում /https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=75284/:
Մեր կողմից գրած վերջնարդյունքը ընդամենը այդ պահանջին է ուղղված՝ առանց կանգ առնելու որևէ նեղ հասկացության վրա: Ինչ վերաբերում է պրակտիկ դասերին, հակաբեղմնավորիչների կրառման եղանակներին, ապա դա ևս չէր կարող լինել չափորոշիչներում և նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Ն. Քսաջիկյանը:
Ի դեպ, 12-րդ դասարանում կենսաբանություն առարկան ուսումնասիրում են այն սովորողները, որոնք հետագայում այդ ուղղությամբ են շարունակելու իրենց կրթությունը: Ուստի, ավարտական դասարանում կենսաբանության առարկայի որոշ չափով բարդացումը պայմանավորված է նաև մասնագիտական հետագա կրթությունը լիարժեք դարձնելու համար:
«Չափորոշիչները մշակելու ժամանակ մենք հիմքում ունեցել ենք ծրագրի բովանդակության շուրջ գիտելիքի ձևավորումը, աշակերտների հետազոտական կարողունակությունների զարգացումը, մեդիագրականությանը տիրապետելու, բացահայտումներ անելու, գիտելիքը կյանքի ընթացքում կիրառելու հմտությունները: Օրինակ, եթե կյանքի ընթացքում շրջանավարտները կանգնեն առողջական խնդիրների առջև, ապա կկարողանան ժամանակին դիմել բժշկի, կվերլուծեն ինքնաբուժման բացասական հետևանքները՝ կայացնելով ճիշտ որոշումներ:
Այնպես որ, ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է անհիմն տեղեկություններ տարածվում հասարակության շրջանում: Եթե բոլորը կարդան մեր կողմից մշակած չափորոշիչները, ապա կհամոզվեն, որ, անգամ ենթատեքստում, որևէ վտանգ կամ մտահոգություն պարունակող տեղեկություն չկա: Եվ այդ ամենը ես կարող եմ փաստերով ու փաստաթղթերով ապացուցել, և բոլորը կհամոզվեն, որ որևէ միտում չկա ապագա սերնդի արժեհամակարգը փոխելու կամ խեղաթյուրելու, առավել ևս, որ դրանք դեմ են մեր ընտանեկան արժեհամակարգային ընկալումներին:
Բոլորս էլ ընտանիքներ ու երեխաներ ունենք, և այդ ամենը հասկանում ենք, պարզապես նոր չափորոշիչներով փորձել ենք բարձրացնել գիտության առաջընթացի մասին տեղեկացվածության մակարդակը և հնարավորություն տալ սովորողներին ծանոթանալու դրանց հետ: Եվ պետք չէ մոռանալ, որ 12-րդ դասարանի աշակերտը մասնագիտություն է ընտրում, պատրաստվում է ամուսնանալ և ընտանիք կազմել և այլն»,- ասաց Ն. Քսաջիկյանը:
Ի դեպ այն թեմաները, որոնք ներառված են կենսաբանության չափորոշիչի նախագծում, երկար տարիներ դասավանդվել է դպրոցներում և անգամ գործող 8-րդ դասարանի կենսաբանության դասագրքում խոսվում է վերարտադրողական համակարգի, սեռավարակների, սեռական հիվանդությունների մասին: Բայց, որքան էլ տարօրինակ է, այս մասին համացանցային աղմուկ նախկինում չի եղել:
«Ինչքան ժամանակ է այդ ամենը մենք դասավանդում ենք երեխաներին, այն մատուցելով որպես գիտության նվաճում: Բայց, զարմանալի է, որ մինչ այս նման աղմուկ չի եղել: Եվ տարբերությունը, որը կլինի նոր չափորոշիչների համաձայն այն է, որ չեն մատուցվի զուտ միայն փաստեր, այլ սովորողները պետք է կարողանան վերլուծել, գիտությունը կյանքի հետ կապել, գիտականորեն փաստարկված գրականությանը հղումներ անել, տարբերակեն հավաստի և կեղծ տվյալները, մտածեն ու վերլուծեն նաև միջառարկայական կապերը:
Սա է հիմնական նորությունը, որը թելադրում է ներկայիս իրականությունը: Եվ, բնական է, որ այլևս չենք կարող վերադառնալ 2010 թվականի կամ ավելի վաղ գրված չափորոշիչներին, որոնցով մատուցվում էր միայն փաստական ինֆորմացիա և ավելի քան 20 տարի այդպես էր դասվանդվում դպրոցներում, աշակերտների մեջ զարգացնելով հիմնականում անգիր անելու և սերտելու կարողությունը: Գիտատեխնիկական առաջընթացը ապացուցեց, որ ավելի կարևոր են սովորողների կիրառական և վերլուծական հմտությունների ձևավորումը:
Կրթությունը պետք է լինի հետազոտաhեն, ապագա սերունդը պետք է կարողանա հարցադրումներ առաջարկել, գտնել ապացույցներ, կիրառել գիտելիքը, հաղթահարել մարտահրավերները՝ դառնալով ստեղծարար մասնագետ»,- ասաց Ն. Քսաջիկյանը:
Արմինե Գրիգորյան