ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրոնխիալ ասթմայի նոպայի մասին

ՖՈՏՈ

Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։ Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։ Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ եղանակի փոփոխությունները, ֆիզիկական ակտիվությունը, վարակները, հատկապես շնչառական ուղիների, ալերգիկ ռեակցիաները, զգացմունքային սթրեսը։ Սովորաբար ասթմայով հիվանդը գտնվում է բժշկի հսկողության տակ և ունի հստակ ցուցումներ, թե ինչպես գործել մինչև նոպայի սկսվելը և նոպայի դեպքում։ Այս ցուցումներն օգնում են կանխել նոպան կամ նոպայի սկսվելու դեպքում մեղմել այն։ Սովորաբար ասթմայով տառապողները նոպան կարողանում են կառավարել դեղերի միջոցով։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։

ՆՇԱՆՆԵՐԸ հազ (առանց խորխի), շնչառության հաճախացում, շնչահեղձություն, դժվարացած արտաշնչում, խզզոցներ, հարկադրական դիրք՝ նստած, իրանն առաջ թեքած, ծարավի զգացում, սառը քրտինքով պատված, կապտավուն երանգով գունատ մաշկ, կրծքավանդակի և պարանոցի վրա անոթների գերարյունություն և արտահայտվածություն, անոթազարկի հաճախացում։ Նոպան ավարտվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով և շնչառության ու ընդհանուր վիճակի բարելավմամբ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ Նստեցրեք տուժածին՝ իրանն առաջ թեքած, արմունկներով սեղանին, աթոռի թիկնակին կամ ծնկներին հենված։ Այդ դիրքը կնպաստի շնչառության հեշտացմանը: Խորհուրդ տվեք տուժածին հնարավորինս քիչ շարժվել՝ այսպիսով նվազեցնելով մարմնում թթվածնի պահանջը։ Օգնեք ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը։ Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ Եթե նոպան առաջին անգամ է, տուժածի վիճակը չի բարելավվում դեղորայքի ընդունումից կամ ավելի է վատանում, ապա անմիջապես ահազանգեք շտապ օգնություն: Վիճակի վատթարացման նշաններն են՝ սովորականից ավելի դանդաղ շնչառություն, որը չի ուղեկցվում ինքնազգացողության բարելավումով, մաշկի և լորձաթաղանթների արտահայտված կապտություն, գրեթե անշարժ, լայնացած կրծքավանդակ, խոսելու ընդունակության կորուստ, սաստիկ թուլություն, գիտակցության խանգարումներ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular