ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի բերդի պեղումների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, տապանաքարեր ու հնգատող արձանագրություն

ՄՇԱԿՈՒՅԹ

Տավուշի մարզի Բերդ համայնքի «Տավուշի բերդ» (Թովուզ Ղազա) կոչվող ամրոցում պեղումներ են անցկացվում: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ ամրոցը կարող է զբոսաշրջության զարգացման նոր խթան լինել:

«Այն լոկոմոտիվ ծրագրի բանալին, որը կկարողանար մարդկանց ստիպել գալ Տավուշի Բերդ համայնք, գտանք Տավուշի բերդում։ Այդ կապակցությամբ առաջարկություն ներկայացրի վարչապետին, որ Բերդի կտրվածությանը վերջ տալու համար, կարծում եմ, լավագույն տարբերակը կլինեն հենց ամրոցի հնագիտական պեղումները։ Վարչապետն անմիջապես հանձնարարեց սկսել պեղումները, և հիմա դրանք ընթանում են և՛ Տավուշի բերդում, և՛ բերդի եկեղեցում»,- նշել է Ղուկասյանը:

Նա վստահեցրել է, որ Տավուշի բերդի պեղումներից հետո այն զբոսաշրջության ոլորտում իր  խոսքն անպայման կասի:

«Դեռ սաղմնային վիճակում է ամեն ինչ, նոր-նոր ենք սկսել պեղումները, բայց տարբեր մարդիկ հայտ են ներկայացնում, որ հյուրատներ կառուցեն»,- հայտնել է վարչապետի խորհրդականը։

Հնագիտության և ազգագիտության ինստիտուտի գիտաշխատող Հարություն Բադալյանն ասաց, որ այս պահին պեղումներ են անցկացվում եկեղեցու տարածքում, որն ամրոցի ստորին հատվածում է գտնվում:

«Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում: 1988 թվականին այստեղ հայտնաբերվել է հնգատող մի արձանագրություն, որի վրա նշված է, որ եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին և կառուցվել է 1019 թվականին: Այս պահին մենք հայտնաբերել ենք խեցեղենի բեկորներ, բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մեկի վրա հայտնաբերել ենք արձանագրություն»,- նշել է Բադալյանը:

Նրա խոսքով՝ եկեղեցու հատվածում մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո պեղումները շարունակելու են միջնաբերդի հատվածում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular