ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շախմատային «ռասկլադ» Փաշինյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է ՍԴ երեք դատավորների ընտրվելու հանգամանքը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների գրեթե ողջ կազմով քվեարկելու արդյունքում ,կարելի է ասել պայթյուն առաջացրեց հանրության շրջանում։ Ամենատրամաբանական ընդվզումն այն էր, թե ինչպե՞ս կարելի էր ՍԴ երեք դատավորներին համարել նախկին իշխանությունների ներկայացուցիչներ ու նրանց փոխարեն ընտրել մեկ այլ երեքի, որոնք, մեղմ ասած, ավելի քան նախկին են։

Բայց, իրականում, այստեղ ոչ մի հակասություն չկա, որովհետև նախկին ու ներկա տարաբաժանումն ի սկզբանե «ֆեյք» է եղել ու փոխարենը լայնորեն կիրառվել թրի տակով անցնող, կամ չանցնող եզրույթները: Իսկ ամենաարտառոցն այն է, որ դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Նա հրաշալի հասկանում է, որ իշխող ուժը հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությամբ Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորելու է, ու ստեղծվելու է մեկ միասնական դատական մարմին, որը կդառնա դատական բուրգի գլուխը։

Իսկ Խունդկարյանը ՍԴ-ում Փաշինյանին ավելի մեծ ծառայություն կարող է մատուցել, քան Վճռաբեկ դատարանում։ Ու առանձնապես ոչ ոք լուրջ չի վերաբերվում, որ Խունդկարյանը հայտարարեց, թե չի գտնում, որ դատական համակարգում ռադիկալ փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Սրանք նախապես պլանավորված սցենարի մի էլեմենտ է, թե իբր նրանք իշխող ուժում կան անկախ թեկնածուներ։

Սահմանադրությունը պետք է փոխվի ու այն պետք է լինի Փաշինյանի վերարտադրության համար հարմար։ Վարչապետը լավ է հասկանում, որ հաջորդ ընտրությունները, եթե անցնեն այս Սահմանադրության պարագայում ու այս Ընտրական օրենսգրքով, ինքը դժվար թե մեծամասնություն ունենա:

Բայց համարենք, որ Փաշինյանին հաջողվում է պաշտոնավարել մինչև այս խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2023 թվական, այդ դեպքում ինչպե՞ս պետք է ռևանշիստ համարի նախկիններին, որոնք հերթական ընտրություններին մասնակցելու ճանապարհով փորձելու են ստանալ հանրության վստահության քվեն ու գալ իշխանության։ Ու քանի որ Փաշինյանի իշխանությունը թույլ է տվել բազում ձախողումներ, բնական է, նախկիններն ավելի ակտիվ են ներգրավվելու ընտրական գործընթացներում՝ ունեն փող, կապեր ու փորձ։ Ու եթե միասնական թեկնածուով հանդես չգան ընդդիմադիրները, իսկ դա առավել հավանական է, քանի թևով էլ մասնակցեն, որևէ ուժի մեծամասնություն չլինելու պարագայում հանգիստ կարող են հետընտրական կոալիցիա կազմելով ձևավորել կառավարություն։ Այս պարագայում Փաշինյանին չի հաջողվելու հանրությանը բացատրել, թե բոլոր նախկիններն ու նրանց սատարողները միավորվել են հեղափոխության դեմ, քանի որ դրանք նորմալ քաղաքական գործընթացներ են՝ ընտրության միջոցով ձգտել իշխանության։ Իսկ եթե Փաշինյանը հաջորդ ընտրությունների ժամանակ զգալիորեն կորցրած լինի իր վստահությունը, կնշանակի նրա կողմից կառավարելի ընդդիմությունն էլ չի կարող Փաշինյանի «շվաքի տակ» բավարար ձայներ հավաքել ու մտնել խորհրդարան, որպեսզի վարչապետի ղեկավարած ուժի հետ անհրաժեշտ ձայներ ունենա Կառավարություն ձևավորելու համար։ Ու կարելի է ասել, որ եթե ոչ «կոնսենսուս մինուս մեկ», այլ հաստատ «կոնսենսուս ընդդեմ մեկի» տարբերակն է գործելու ու այդ մեկը լինելու է Փաշինյանը՝ իր ղեկավարած ուժով։ Ահա այս հեռանկարն է, որ Փաշինյանը ցանկանում է կանխել, որպեսզի հանրությանը բացատրի, որ նախկիները բոլորը համախմբվելու են ընդդեմ հեղափոխական արժեքների, ու թե ինչ արժեքներ են դրանք, Փաշինյանը կասի հաջորդ ընտրության ժամանակ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular