ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիզմի և ռեալիզմի տարբերությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միանշանակ է, որ միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։

Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։

Իր ընդդիմադիր քաղաքական գործունեության տարիներին Նիկոլ Փաշինյանի քննադատության հիմնական թիրախներից էին ՀՀ իշխանությունների գործուղումներն ու արտասահմանյան այցերը։ Հիմնական շեշտադրումն այն էր, որ «պետության հաշվին ծախսված միլիոններն իրենց նպատակին չեն ծառայում», և «իշխանությունների գործուղումներն անպտուղ ու անարդյունավետ են»։ Փաշինյանի խոսքով՝ դրանք «զրո արժեք ունեցող» այցեր են։

Իրականում այս պոպուլիզմի մեջ ճշմարտությունն այն է, որ ցանկացած պետական պաշտոնյա իր պաշտոնական այցերի շրջանակում պետք է արդյունավետություն ունենա և, նախ և առաջ, առաջնորդվի պետական շահով։

Ինչևէ, փորձենք համեմատականներ անցկացնել, թե ինչ արդյունքներ են գրանցվել արդեն վարչապետի պաշտոնում մեկուկես տարի կառավարող Նիկոլ Փաշինյանի գործուղումների արդյունքում՝ դրանք համադրելով նախկին «կոռումպացված» համակարգի գործուղումների հետ։

ՀՀ ռազմավարական դաշնակից և հիմնական գործընկեր Ռուսաստանի ուղղությամբ ուշադիր հետևելով՝ ունենում ենք հետևյալ պատկերը․ այս պարագայում պետք է փաստենք, որ Փաշինյանի կառավարությունը ՀՀ բոլոր կառավարություններից ամենառուսամոլն է, քանի որ առիթը բաց չի թողնում «վազել» Մոսկվա և իր հերթական «սիրո ու հավատարմության» խոստումը հղել ՌԴ իշխանություններին։ Հավելենք, որ մոտ երկու տասնյակի հասնող այցերի ընթացքում Փաշինյանը ՌԴ-ում չի ունեցել ոչ մի պետական այց:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է աջակցել ՀՀ-ին՝ բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգով: Այնուհետև «Զվարթնոց» օդանավակայանում Փաշինյանը դժգոհում էր, թե «Եվրոպայում իրեն փող չտվեցին»։ Այս ֆոնին հավելենք, որ ի տարբերություն Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո, հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Փաշինյանի վարչապետությունից հետո նույնիսկ չի սկսել իրականացվել և մեկուկես տարվա ընթացքում դեռևս չի վավերացվել 10 պետությունների կողմից։

Եթե անդրադառնանք Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցին, պետք է արձանագրենք, որ այցի շրջանակներում կնքվել են տասնյակ պայմանագրեր, ինչպիսիք են` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքվել են նաև այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում: Համեմատելով Սարգսյանի Չինաստան այցը Փաշինյանի Պեկին կատարած այցի հետ՝ կարող ենք ֆիքսել, որ Փաշինյանի այցը չուներ նման հագեցվածություն:

Ձախողված և գերթանկարժեք այցերի շարքին կարելի է դասել նաև ԱՄՆ կատարած այցը, որի չարտերային չվերթի համար պետբյուջեից ծախսվել է 330 հազար դոլար։ Այդ այցին Փաշինյանը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստել, որ այնուամենայնիվ այցի արդյունքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Փաշինյանն իր հետ Հայաստան չէր բերել: Այսինքն` այս առումով Փաշինյանի կատարած այցերի անարդյունավետությունն ակնհայտ է:

Նիկոլը ժամանակին բացահայտ թիրախավորել էր Սերժ Սարգսյանին՝ «զրո արդյունք տվող» արտասահմանյան գործուղումների համար, այստեղ պետք է նշենք, որ ներկայումս մենք տեսնում ենք, որ Նիկոլն ինքը ոչնչով չի փայլում, ավելին՝ ամբողջովին ձախողել է ՀՀ արտաքին քաղաքականությունը և գործընկեր պետությունների հետ ունեցած հարաբերությունները հասցրել բավականին ցածր մակարդակի։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular