ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր վարչապետը գիտի՝ մինչեւ 2050 թվականը ապրելո՞ւ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել․ քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ներկայացրեց մինչև 2050 թվականի ռազմավարության տեսլականը. «Առաջին՝ ՀՀ բնակչությունը հասցնել մինչև առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով, 20-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, 7-նապատկենք միջին աշխատավարձը»։

Թեմայի վերաբերյալ քաղաքագետ Գագիկ Համբարյանը  նշեց, որ լավ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հեռավար ծրագրեր ներկայացնելուց առաջ մոտակա տարիների ռազմավարական զարգացման ծրագիր մշակեր. «Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանար, որ ինքը մինչև 2050 թվականը կարող է Հայաստանը  չղեկավարի, և ինքը պետք է իրատեսական ծրագրեր դներ իր առաջ  և դրանք կյանքի կոչեր: Մենք այս պահին ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել նաև իր՝ իշխանության գալուց հետո: Ընդհանրապես պետք է նշել, որ իր հայտարարած 5 միլիոն բնակչությունը  առաջին անգամ չի ասում: Ես ուրախ կլինեի, որ Նիկոլ Փաշինյանը պարզաբաներ հասարակությանը, թե երկու տարվա ընթացքում ինչպես է ստացվել, որ իր կառավարման ժամանակահատվածում մոտավորապես 45-50 հազար ՀՀ քաղաքացիներ միայն հրաժարվել են քաղաքացիությունից և ընդունել են Ռուսաստանի քաղաքացիություն: Իշխանափոխությունից հետո ՀՀ բնակչությունը նվազել է և պարոն Փաշինյանը առաջնահերթ պետք է մտածի՝ ինչպես անել, որ ՀՀ անձնագիրը շատ մեծ արժեք ունենա ՀՀ քաղաքացիների համար: Իր՝ իշխանության գալուց հետո ամսական 4000 մարդ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից. սրանք աղետալի թվեր են»։

Մինչև 2050 թվականը 1,5 միլիոն նոր աշխատատեղեր ստեղծելը քաղաքագետն ուտոպիստական է համարում. «Լավ կլինի պարոն Փաշինյանը վերականգնի այն, ինչ եղել է: Առաջին անգամը չէ, որ հանդիպում ենք վարչապետ Փաշինյանի ոչ իրատեսական թվաբանությանը:  Անցյալ օրը ԱԺ-ում ընդհանրապես խայտառակ ելույթ ունեցավ աշխատատեղերի հետ կապված. պարզվում է, որ կորոնավիրուսի հետևանքով փակված 70.000 աշխատատեղերը ոչ միայն վերաբացվել են այս պահի դրությամբ, այլև 6600 էլ ավելացել են: Հետաքրքիր է՝ բա որ այդքան աշխատատեղ է ավելացել՝ ինչո՞ւ է ՀՀ-ի ՀՆԱ-ն նվազել, ոլորտներն էլ նվազման տեմպեր են արձանագրում»:

Վարչապետը նշել է, որ բանակի մարտունակության ցուցանիշով տեղ ենք զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում։ Քաղաքագետը նկատում է, որ հայկական բանակը այն եզակի ինստիտուտներից է ՀՀ-ում, որը շատ վաղուց կայացած է. «Փաշինյանը  չէ, որ մարտունակ բանակ պետք է ստեղծի և շատ վատ է, որ սեփական անգործությունը և ձախողումները փորձում է կոմպենսացնել բանակում և անվանարկել նաև բանակը` հասարակությանը համոզելով, որ մենք մարտունակ բանակ չունենք, և ինքը եկել է իշխանության և ինքն էլ պետք է ստեղծի: Ցանկացած իշխանության օրոք մեր բանակը զարգացել է: Հիմա պետք է ավելի զարգացնել, և ես անբարոյականություն եմ համարում, երբ ՀՀ որևէ ղեկավար փորձում է բանակի հաշվին ինքնափիառվել. դա անընդունելի է»:

«Մարդիկ ապրում են ռեալ իրավիճակում և սպասում են աշխատավարձի և թոշակի բարձրացման հիմա, ոչ թե 2050 թվականին, որովհետև ես` որպես ՀՀ քաղաքացի, տեսա, որ իշխանության գալով պարոն Փաշինյանը բազմաթիվ ոլորտների ղեկավար նստեցնելով իր դիլետանտ, անպատրաստ գործընկերներին և կուսակիցներին, որի արդյունքում մենք տեսանք, որ կոռուպցիան, ուղղակիորեն, օրինականացվեց՝ հավելավճարների և պարգևավճարների տեսքով»,- ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով առողջոպահության և կրթության ոլորտներին՝  Համբարյանը նշեց, որ ՀՀ-ում 2.5 տարվա մեջ նշված 2 ոլորտները քարուքանդ են արվել․ «Այս ոլորտները հավասարվել գետնին Նիկոլ Փաշինյանի «երկու սուրբ կովերի»՝ Արայիկ Հարությունյանի և Արսեն Թորոսյանի թեթև ձեռքերով, և հիմա խոսել առողջապահության և կրթության մասին մինչև 2050 թվականը՝ ուղղակի ծիծաղելի է: Մենք այստեղ ունենք կոնկրետ խնդիր Նիկոլ Փաշինյանի ընկալումների հետ կապված և նա ինչ է մտածում՝ ինչպես ենք փակելու այս 2.5 տարիների ընթացքում վերցված պարտքերը»։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ընդամենը ցանկություններ են` քաղաքականությունից չհասկացող հասարակության լայն շերտի համար, որոնք այսօր, լինելով սոված, ընդամենը կերակրվում են Նիկոլ Փաշինյանի ականջահաճո կենացներով: Թող իրենց ստամոքսները դատարկ լինեն, բայց ականջները կուշտ լինեն գործող իշխանությունների խոստումներով, մինչ վերջիններս շատ արագորեն հարստանում են: Մեր վարչապետը գիտի՝ մինչև 2050 թվականը ապրելու՞ է․ 2.5 տարվա մեջ իր խոստումների 95%-ը կյանքի չի կոչել և խոսում է 2050 թվականի Հայաստանի պայծառ ապագայի մասին»,- եզրափակեց քաղաքագետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular