ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրեն Սարգսյանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում որևէ մեսիջ չի տեսնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են երկու երկրների գործընկերության կարևորությունը:

Ըստ նրա` հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փաշինյանին մաղթելով ամենայն բարիք, նշել է, որ անհամբերությամբ սպասում է բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահի ուղերձին նշեց, որ Թրամփի ուղերձը վերաբերում է այս տարվա ընթացքում հարաբերությունների հնարավոր զարգացմանն ու խորացմանը, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտին է մոտենում ԱՄՆ նախագահ Թրամփի նախագահության ժամկետը:

Ուստի, չցանկանալով իրադարձություններից առաջ ընկնել, ցանկություն է հայտնել համագործակցել այս պահի դրությամբ:

«Որևէ այլ ակնարկ ես չեմ տեսնում, քանի որ շատ բաց տեքստով ամեն ինչ ասված է շնորհավորական ուղերձում թե՛ ներկա և թե՛ նախորդ տարիների համագործակցության տեսանկյունից, առաջնահերթությունը տալով Կոսովոյում և Աֆղանստանում Հայաստանի կողմից իրականացված խաղաղապահ առաքելությունների գործունեությանը: Այսինքն, ըստ էության ուղերձում որևէ նոր գործունեության մասին խոսք չի գնում»,- ասաց Ս. Սարգսյանը:

Հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով ներկայիս քաղաքական ղեկավարությունը բավարար քայլեր ձեռնարկում է հայ-ամերիկյան համագործակցության էլ ավելի խորացման համար, ամերիկագետը պատասխանեց.

«Հայաստանի կողմից քայլեր չկան, եթե նույնիսկ կան, ապա արդյունքից երևում է որ Հայաստանը գնում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները չխորացնելու ճանապարհով: Հոկտեմբերին նախատեսված է ՀՀ արտգործնախարարի այցը Վաշինգտոն և այդ այցի տրամաբանության շրջանակներում հնարավոր կլինի հասկանալ, թե Հայաստանն արդյո՞ք ցանկություն ունի որևէ նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելու և Միացյալ Նահանգերի և Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, թե՞ սպասելու են Բայդենն ընտրվի և նրա հետ կզարգացնեն հարաբերությունները»:

 
Արմինե Գրիգորյան
 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular