ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը մտադիր չէ Կովկասում նախաձեռնությունը տալ Թուրքիային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախիջևանում վերջերս անցկացված թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ մարտավարական և ավիացիոն զորավարժությունները դարձել են ակնհայտ վկայությունն այն բանի, որ Անկարան Անդրկովկասում իր ներկայությունն ուժեղացնելու համար հստակ քայլեր է ձեռնարկում: Այս ուղղությամբ ամենաարդյունավետ քայլերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և առհասարակ, հայ-ադրբեջանական խնդիրների մեջ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է: Հոդվածը վերցված է Etpress-ից:

Հուլիսին հայ-ադրբեջանական զինված բախումներից մի քանի օր անց թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, փորձագետների համաձայն՝ հետխորհրդային ողջ պատմության մեջ դարձել են ամենամասշտաբայինը:

Մեկ ամիս չանցած՝ սեպտեմբերի 6-ին, Նախիջևանում երկու երկրների մարտավարական զորավարժությունները վերսկսվել են: Այսինքն՝ թուրքական բանակի ստորաբաժանումները դեռ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Դա պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2010 թվականի օգոստոսի 16-ին կնքված ռազմավարական համագործակցության մասին պայմանագրով, որի համաձայն՝ «Պաշտպանության և փոխօգնության շրջանակներում համատեղ ռազմական գործողություններ ծավալելու նպատակով՝ կողմերը մտադիր են միջոցառումներ ձեռնարկել ռազմական ենթակառուցվածքների կատարելագործման, զինված ուժերի բազմակողմանի պատրաստության համար...»:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Անկարայի օգնությամբ՝ Բաքուն վերջին տարիներին իր ռազմական ուժը կենտրոնացնում է կոնկրետ Նախիջևանում: Ավելին՝ այս էքսկլավի տարածքում աճել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ինտենսիվությունը:

Թուրքիայի՝ հայ-ադրբեջանական խնդիրների մեջ ներկայիս ակտիվ ներգրավվածությունն, ակնհայտ է, որ իր նպատակներն ունի՝

  • Բաքվի հետ իր դաշնակցային հարաբերությունների համատեքստում Անկարան էքսկլավի տարածքը դիտարկում է որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու ռազմահենադաշտ: Թուրք ռազմավարները գտնում են, որ Նախիջևանում երկրի զորամասերի մշտական ռազմական ներկայությունը՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով, «երկրորդ ճակատ» կստեղծի Երևանի դեմ: Հայաստանի հետ էքսկլավի սահմանից մինչև Երևան հեռավորությունը կազմում է մոտ 60կմ:
  • Նախիջևանում թուրքական ռազմաբազայի բացումը կբերի Անդրկովկասում Անկարայի աշխարհաքաղաքական դիրքերի խորացմանը, և համապատասխանաբար, այս շրջանում նրա ազդեցության գոտու ընդլայնմանը:
  • Իրադարձությունների նման զարգացումը ենթադրում է տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման համար Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հակակշիռ ստեղծելը:

Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ եթե Թուրքիան Նախիջևանը ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի դեմ որպես ռազմահենադաշտ օգտագործի, դա նաև կնշանակի տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացում: Նշված համատեքստում Ռուսաստանի և Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը համընկնում են: Ուստի բնական է, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններն անհանգստացրել են Մոսկվային, որն ավելի քան համարժեք կերպով է արձագանքել դրանց: Հարավային ռազմական շրջանում՝ Հայաստանում, Ռոստովի և Վոլգոգրադի մարզերում, գումարտակային արտահերթ մարտավարական զորավարժություններ են անցկացվել: Դրանց մասնակցել է ավելի քան 4000 զինծառայող:

Վերջին շրջանում Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է մոտ 400 տոննա ռազմական նշանակության բեռ: Իսկ վերջերս Մոսկվայից վերադառնալուց հետո Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ռուս գործընկերների հետ բանակցություններ են տարվում կործանիչ Սու-30ՍՄ-ների նոր խմբաքանակ ձեռք բերելու շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է. «Պայմանագիր ենք կնքել նաև 4 Սու-25-երի արդիականացման ծրագրի վերաբերյալ: Կործանիչները կարդիականացվեն Ռուսաստանում»:

                                


Այսպիսով, ակնհայտ է, որ չնայած քաղաքական և տնտեսական ոլորտներում Թուրքիայի հետ ակտիվ համագործակցությանը՝ Մոսկվան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Անդրկովկասի (որտեղ հստակ շահեր ունի) հարցում բնավ մտադիր չէ նախաձեռնությունը տալ իր պատմական և աշխարհաքաղաքական հակառակորդին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular