ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրոնխիտի կանխարգելում. Ի՞նչ է պետք անել այս հիվանդությունից պաշտպանվելու համար

ՖՈՏՈ

Բրոնխիտը շատ տարածված հիվանդություն է, որը բնութագրվում է բրոնխներում բորբոքային պրոցեսներով: Սուր բրոնխիտների հիմնական պատճառը վարակներն են՝ վիրուսային կամ բակտերիալ: Քրոնիկ բրոնխիտները սովորաբար զարգանում են ոչ վարակիչ գրգռիչների երկարատեւ ազդեցությունից, ինչպիսին է փոշին:

Ի՞նչ կարելի է անել բրոնխիտները կանխարգելելու համար:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում թերապեւտ Լիանա Մովսիսյանը նշեց, որ բրոնխիտներից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում առաջին հերթին բացառել այս հիվանդության զարգացման ռիսկի գործոնները:

Օրինակ, 80-90% դեպքերում քրոնիկ օբստրուկտիվ բրոնխիտի զարգացման պատճառը ծխախոտի ծուխն է: Այդպիսի պացիենտներին, մասնագետի խոսքով, շատ կարեւոր է հրաժարվել ծխելուց, այդ թվում՝ պասիվ ծխելուց, քանի որ ծխախոտի ծուխը շնչելը ամեն դեպքում վնասում է մարդու շնչուղիները, նույնիսկ եթե ծխողը նա չէ։

Փորձագետի կարծիքով՝ եթե մարդիկ դադարեն ծխել հասարակական վայրերում եւ հատկապես երեխաների ներկայությամբ, դա կհանգեցնի բրոնխիտներով հիվանդացության զգալի նվազման, այդ թվում՝ երեխաների շրջանում, որոնք նույնիսկ ավելի խոցելի են ծխախոտի ծխի հանդեպ, քան մեծահասակները:

Եթե քրոնիկ բրոնխիտով հիվանդ մարդն աշխատում է մի վայրում, որտեղ նրա շնչուղիները ենթարկվում են վնասակար նյութերի ազդեցությանը, ապա նրան խորհուրդ է տրվում փոխել աշխատանքը՝ հիվանդության բարդությունների զարգացումից խուսափելու համար:

Ինչ վերաբերում է սուր բրոնխիտներին, շատ մասնագետներ խորհուրդ են տալիս պատվաստվել գրիպի եւ պնեւմոկոկային վարակի դեմ՝ քանի որ սուր բրոնխիտների սովորաբար հանգեցնում են վարակները, եթե մարդը չհիվանդանա, բրոնխիտի նման բարդությունների զարգացման հավանականությունը զգալիորեն ցածր կլինի:

Խորհուրդ է տրվում նաեւ ժամանակին բուժել ցանկացած մրսածություն, հավասարակշռված սնվել, հնարավորինս ֆիզիկապես ակտիվ լինել եւ պահպանել աշխատանքի ու հանգստի ռեժիմը: Այս ամենը դրականորեն կանդրադառնա առողջության վրա եւ կնվազեցնի մի շարք հիվանդությունների, այդ թվում` բրոնխիտների զարգացման ռիսկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular