ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական միֆերն էսկալացիոն նոր թափ են հավաքում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի մեծագույն պրոբլեմն այն է, որ բնակչության մի զգալի մասը և հատկապես երիտասարդությունը չեն հասկանում, թե ինչ պետություն է Հայաստանը, ինչ հնարավորություներ ունի և կարող է ունենալ։ Սա իսկապես լուրջ խնդիր է, որը գնալով էլ ավելի է խորանում։ Կապն իրականության հետ աստիճանաբար խզվում է, և հաջորդ սերունդը շատ ավելի ողբերգական է լինելու, քան՝ մերը։ Օրվա իշխանությունն ասվածի առաջին զոհերից մեկն է, քանի որ տարիներ շարունակ երիտասարդներին կրթել ու դաստիարակել են այն ոգով, թե մեր միակ «չարիքը» Սերժ Սարգսյանն է և նրա հեռանալուց հետո Հայաստանն ամբողջությամբ այլ որակի պետություն կդառնա՝ ներդրումները կծփան, փողը կհորդա, իսկ Հայաստանն էլ «վագրային» ցատկերով կզարգանա։ Եվ այս ամենն իհարկե առանց հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու։ Համաձայնեք՝ այս առումով ներկայիս կառավարող թիմն իսկապես ողբերգական է, քանի որ նրանք հավատում էին այդ հեռանկարին։

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանն ու մյուսները անկեղծորեն հավատացել են այդ ամենին և կարճ ժամանակ չանցած մեծագույն հիասթափություն են ապրել՝ առերեսվելով պետության իրական կարգավիճակի, հնարավորությունների և խնդիրների հետ։ Ակնհայտ է, որ կարելի է ենթադրել այն պարզ իրողությունը, որ մյուս սերունդը շատ ավելի մեծ հիասթափություն է ապրելու, քանի որ հին ու բարի հեքիաթներին ավելացել են նորերը։ Համաշխարհային ազգի պատրանքները մեզ քիչ էին, հիմա էլ ի հայտ է եկել Հայաստանը տեխնոլոգիական կայսրություն դարձնելու առասպելը, քացրահամ ջրով բնակչությանը կերակրելուն ավելացել է ՀԴՄ տպելով տնտեսական հեղափոխություն անելը։

Հավատացեք, որ իրավիճակը շատ ավելի անհուսալի է Ղարաբաղյան հակամարտության պարագայում։ Իրականում ոչ ոք մարդկանց և երիտասարդներին չի բացատրում հակամարտության իրական էության մասին, ինչի փոխարեն սերունդներ են պղծվում՝ Կուրարաքսյան հանրապետության մասին հեքիաթների տակ անուշ քուն մտնելով։ Եթե միմյանց հետ համադրենք տեխնոլոգիական կայսրության, IT միջազգային կենտրոնի, Կուրարաքսյան հանրապետության, Սևրի պայմանագրի, Ադրբեջանին քարտեզի վրայից ջնջելու, տնտեսական հեղափոխություն իրականացնելու, ՀԴՄ-ով և ջրով կշտանալու, Մոսկվային մարտահրավեր նետելու և նմանատիպ ցնդաբանություն հիշեցնող այլ հեքիաթները, ապա ակնհայտ է դառնում, որ այդ միֆական հեքիաթներով մեծացած սերունդները չափազանց լուրջ վտանգ են ներկայացնում և առաջին հերթին հենց իրենք իրենց համար։

Նրանք և՛ իրենց են կործանելու, և՛ Հայաստանն են մոտեցնելու ռազմաքաղաքական աղետի։ Եվ միայն դրանից հետո մարդիկ ու հատկապես երիտասարդները կսկսեն ճանաչել իրական Հայաստանը, կսկեն ճիշտ գնահատել պետության հնարավորություններն ու կարողությունները, զարգացման պոտենցյալն ու առաջ շարժվելու սահմանագծերը։ Փաստն այն է, որ մենք ի վերջո պետք է հասկանանք, թե ինչ պետության մեջ ենք ապրում։ Միշտ հիշեք՝ պարոնա՛յք, սա Բելգիան կամ էլ Նիդերլանդները չէ, կամ ասենք Իսրայելն ու Սինգապուրը, սա Հայաստանն է՝ իր առանձնահատկություններով, առավելություններով, թերություններով և անլուծելի թվացող խնդիրներով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular