ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է թաքնված բաց ցուցակներով քվեարկության տակ. պարզաբանեց Կորյուն Նահապետյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ-ում դեռ շարունակվում են նոր ԸՕ-ի վերաբերյալ քննարկումները, որի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: «Բազում մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում մենք համակ ուշադրությամբ քննարկում ենք ՀՀ նոր ԸՕ-ի նախագիծը: Այս օրերին ընթացքում ամենակարևոր հարցը, որը հնչում է այն է, թե ինչ հիմնական խնդիրներ է լուծում նոր Ընտրական օրենսգիրքը, որն է ընտրական նոր կարգավորումների առանցքային իրավական հիմքը: Այս հարցի հետ կապված՝ մենք պետք է վկայակոչենք սահմանադրական այն նորմերը, որոնք եղել են ելակետային նոր ԸՕ-ի առանձին կարգավորումների հարցում»,- ասաց Կ. Նահապետյանը՝ մանրամասնելով, թե եկեք սկսենք ժողովրդաիշխանության իրացումից, որտեղ կարևորագույն բաղադրիչ է ազատ ընտրությունների անցկացումը:
«Հաջորդ կարևոր սահմանադրական դրույթը կուսակցությունների գործունեությանը վերաբերող դրույթներն են, որտեղ հստակ նշվում է, որ կուսակցությունների գործունեության համար հստակ պետք է սահմանվեն գործունեության հավասար հնարավորություններ: Կուսակցությունները պետք է նպաստեն ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը, դրանց կառուցվածքն ու գործունեությունը պետք է համապատասխանի ժողովրդավարության սկզբունքներին, սրանք սահմանադրական հիմունքներ են, որոնք ամբողջապես պետք է իրացնենք նոր ԸՕ-ով»,- ասաց նա:
«Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրվում է, որ Ազգային ժողովի ընտրություններն անց են կացվելու համամասնական ընտրակարգով: Նույն Սահմանադրությամբ նախատեսված է նաև, որ երաշխավորվելու է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, ԱԺ-ում տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին, որոշակի դեպքերում ձևավորվելու է քաղաքական կոալիցիա ու այդ կոալիցիայի կազմը, սահմաններն ու կարգը պետք է սահմանվեն ԸՕ-ով»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ նշելով, որ թեև բոլորը քաջատեղյակ են այդ ամենից, այնուամենայնիվ, մի խումբ մարդիկ փորձում են հակասություններ գտնել ամեն տառի ու բառի մեջ:
Անդրադառնալով այն տեսակետին, թե բաց ցուցակներով քվեարկությունն իրենից ենթադրում է թաքնված մեծամասնական համակարգ, պատգամավորը նշեց, որ դա միանշանակ համամասնական համակարգ է, որը կիրառվում է տարբեր երկրներում: «Իհարկե, Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող տարբերակը հայկական տարբերակն է: Որևէ այլ երկրում գործող համակարգի հետ նմանություն չկա, սակայն սա, միանշանակ, համամասնական ընտրակարգ է: Եվ, ընդհանրապես, ես չեմ կարծում, որ մեր գործընկերները կասեին, թե սա թաքնված մեծամասնական համակարգ է, եթե ուսումնասիրած լինեին այլ երկրների փորձը և Վենետիկի հանձնաժողովի համապատասխան զեկույցները: Շատ երկրներում կիրառվում է բաց ցուցակներով քվեարկությունը, և դա համամասնական ընտրակարգ է»,- ասաց Նահապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular