ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի 30-ամյա դիլեման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեղափոխական իշխանությանը մշտապես մեղադրել են, որ ոչ միայն իշխանության գալու պահին, այլև այս ողջ ընթացքում չունեցան երկրի զարգացման ծրագիր։ Փոխարենը Փաշինյանը մեզ ներկայացնում է, թե ինչպիսին է տեսնում Հայաստանը 30 տարի անց։ Ստացվում է, որ նա չունի այսօրվա, ներկա դրությամբ ՀՀ զարգացման ուղենիշ, իսկ 30 տարվա կտրվածքով մարդկանց մոտ ինչ-որ արհեստական մետամորֆիկ պատկերների իմիտացիա է ապահովում։ Առհասարակ, բավական նորմալ է, երբ ազատ, արդար, թափացիկ ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժը, նրա լիդերն ունենում են երկրի զարգացման տեսլական, հայեցակարգ, առավել ևս ծրագիր ու ճանապարհային քարտեզ։ Դա խոսում է այդ ուժի ու նրա առաջնորդի լայնախոհ լինելու, պետական մտածողություն ունենալու մասին։ Բայց, համաձայնեք, որ այդուհանդերձ, որքան էլ լայնախոհ լինի տվյալ կառավարությունը, հազարամյակների տեսլական ունենա, նրա աշխատանքի արդյունքը չափվելու է հնգամյա կտրվածքով՝ վստահության քվե ստացած խոսումների ու իրական գործերի համադրության արդյունքում։

Ըստ էության՝ ցանկացած զարգացած ու նաև իրեն հարգող երկրում հեռանկարային ծրագրերը մշակում են ռազմավարական ու «ուղեղային» կենտրոնները, ինչպես նաև հատուկ ծառայությունների «հատուկ» բաժինները։ Ու անկախ նրանից՝ ով է օրվա իշխանությունը, սեղանին է դրվում մշակված հայեցակարգեր ու ծրագրեր, որ ինչպիսի իրավիճակային խնդիրների մեջ էլ ներքաշված լինի օրվա կառավարությունը, դա փորձի հնարավորինս համադրել իր երկրի զարգացման համար մշակված ռազմավարական հեռահար ծրագրերի հետ։ Ու անկախ նրանից, թե այդ կենտրոնները կլինեն պետական, թե ոչ, միևնույն է նրանք բավական ինքնուրույն են ու անկախ, քանի որ նրանց աշխատանքի գնահատականը չպետք է տա օրվա իշխանությունը։

Հենց այստեղ առաջանում է մի տրամաբանական հարց․ արդյո՞ք կարող է հավատ ներշնչել հանրության շրջանում այն, որ Փաշինյանի կառավարությունն ունակ է 30 տարվա հեռանկարային ծրագիր մշակել ու քայլ առ քայլ կյանքի կոչել։ Մենք հրաշալի հասկանում ենք, թե ինչպիսի աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական խնդիրներից է կախված երկրի կայուն զարգացումն այս հարափոփոխ աշխարհում, իսկ այն ինչի մասին Անկախության տոնին Մատենադարանում արագ-արագ խոսում էր Փաշինյանը, հերթական չիրականցող հեքիաթի շարքից էր։ Այստեղ կանգ առնենք և մի փաստ արձանագրենք․ իրականում դժվար է հավատալ այն կառավարության պրոֆեսիոնալիզմին ու լայնախոհ մտքին, երբ այն մի օր կարևորում են բնապահպանական խնդիրները, հաջորդ օրը՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները, ու այս դիլեման ձգում են որքան հնարավոր է, հավանաբար մինչև 2050 թվական։ Կամ ասենք երկուշաբթի օրը հայտարարում է, թե Արցախն անկախ երկիր է ու ինքը պետք է բանակցի իր ճակատագրի հարցում, իսկ չորեքշաբթի լուրջ դեմքով փաստում է, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Մի օր խոսում է, Հայաստանի՝ օր առաջ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու, հաջորդ օրը գլուխ գովում, թե հարաբերություներն այդ կառույցների հետ փայլուն են ու պետք է ավելի զարգացնել։ Փաստ է այն, որ օրվա թափթփված, փնթի ու անկազմակերպ կառավարիչներն անգամ առօրեական խնդիրներից չեն կարողանում գլուխ հանել, ուր մնաց մեր երազը վստահենք, թե 30 տարի հետո ինչպիսին կլինի մեր հայրենիքը։ Ուստի հարկ է ՀՀ-2050 ծրագրի բովանդակային քննարկման մեջ չներքաշվել, քանի որ դա անպտուղ գործ է, երբ սկսում ես քննադատել, ասել, որ դրանք անիրատեսական են, հայտնվում ես ծուղակում, արդեն ասում են՝ սպասենք, կտեսնենք։ Պետք է ուղղակի մեր երազող կառավարությանն իջեցնել իրական հողի վրա ու պահանջել օրվա խնդիրների լուծում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular