ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էքզիստենցիալ «ստատուսագիր» թե՞ երկրի ղեկավար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր, հետևելով քաղաքական գործընթացներում տեղի ունեցող քաոտիկ զարգացումներին, կարող ենք նշել, որ ՀՀ-ում քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի մինիմումին։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը, ավելին՝ այս ամենի «քավորն» անձամբ Նիկոլ Փաշինյանն է՝ իր էքզիստենցիալ «ստատուսներով։ Իրականում էլիտաների խնդիրը, որը տարբեր դրսևորումներով, հատկապես հեղափոխությունից հետո, անընդհատ քննարկվում է հանրային-քաղաքական դիսկուրսում, այս լույսի ներքո միանգամայն այլ երանգ է ստանում։

Ըստ էության՝ Հայաստանն ունի նոմինալ քաղաքական էլիտա, որն իր վարքագծով ու գործունեությամբ ոչ թե փորձում է բարձրացնել հանրային գիտակցության մակարդակը, այլ ինքն է իջնում այդ գիտակցության մակարդակին։ Եթե ավելի անկեղծ, ոչ թե իջնում է, այլ ուղղակի չի կարողանում բարձրանալ այդ մակարդակից, որտեղ գտնվել է ի սկզբանե։ Իսկ դա նշանակում է, որ բովանդակային առումով Հայաստանն ունի ոչ թե ընտրախավ կամ վերնախավ, այլ հակաէլիտա, որը նոմինալ իմաստով զբաղեցրել է քաղաքական էլիտայի կարգավիճակը։

Այստեղ կարևոր է նշել, որ կարճաժամկետ հատվածում այս հակաէլիտար իրավիճակը հասարակության համար ապահովում է դիտարժան տեսարաններ, իշխանությունը կամ այլ քաղաքական խմբեր ստանում են մանր դիվիդենտներ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դեգրադացնում է ոչ միայն ուղղակի քաղաքական կյանքը, այլ նաև հանրային, հասարակական հարաբերությունները, քանի որ հանրությունն ամեն օր լսում ու տեսնում է հայհոյանք, ատելություն, ցածրարժեք խոսք։ Այս իրավիճակն ակնհայտորեն ունի շահառու, հակառակ պարագայում չէր գեներացվի ու չէր հասնի նման խայտառակ մակարդակի։ Իսկ շահառուն առաջին հերթին ու առավելապես՝ իշխանությունն է, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա էժան արժեքների, մարդկային ցածր բնազդների կառավարիչ է։

Փաստն այն է, որ այս ամենը նշելով, պետք է ընդգծել, որ այսօր փաշինյանական իշխանությանը հարկավոր չեն գիտակից, բարձրարժեք, մտածող ու վերլուծող կամ ասենք քննադատող ու պահանջող հասարակություն, դա հակացուցված է, քանի որ նրա իշխանությունն ուղղակի կապիտուլյացիայի կենթարկվի այդպիսի հանրության առկայության պարագայում։ Այս ամենն իր հերթին նշանակում է, որ առաջիկայում, դեռ շատ երկար ժամանակ մենք լսելու ու տեսնելու ենք հայհոյանք, ցածրարժեք խոսք, ոչ մարդկային ու հակաքաղաքական գլուխգործոցներ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular