ՀՀ ներտնտեսական «վաակումը»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵթե ուշադիր հետևենք ՀՀ ներտնտեսական ընդհանուր զարգացումներին, ակնհայտորեն հասկանալի է դառնում, որ պետություն-մասնավոր համագործակցությունը, որի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու գործընթացում, ոչ մի կերպ չի կայանում։
Ամիսը մեկ կառավարությունում հավաքվում, քննարկում են այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ընթացքը, բայց գործը տեղից չի շարժվում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ կրկին հայտարարվել էր, որ ընթացքի մեջ են մի քանի ներդրումային ծրագրեր, մի քանիսն էլ ուսումնասիրման փուլում են։
Արձանագրենք, որ այս իրավիճակը, ըստ էության, նույնն էր նաև մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ էլ զեկուցվել էր, որ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր։ Չկա ոչ մի կոնկրետություն, թե այդ աշխատանքները երբ կավարտվեն և, ի վերջո, ե՞րբ հնարավոր կլինի խոսել դրանց իրականացման նույնիսկ հնարավոր ժամկետների մասին։
Եթե հիշում եք, մի քանի ամիս առաջ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում կառավարությունը հաստատեց այդպիսի մի 4 մլն դոլարանոց ծրագիր՝ կորեական ավտոբուսների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Որոշ պաշտոնյաներ սկսեցին ոգևորությամբ խոսել, թե ուր որ է Հայաստանը սկսելու է ավտոբուսներ արտարադրել, թեև խոսքն ընդամենը պահեստամասերը դրսից բերելու և Հայաստանում ավտոբուս հավաքելու մասին էր։
Բայց դա էլ կարծես գլուխ չի գալիս։ Ըստ էության՝ պետություն-մասնավոր համագործակցությունն ակնհայտորեն չի կայանում, որքան էլ համարենք, որ համավարակը խոչընդոտ է արտաքին ներդրողների համար, խնդիրը միայն դրանում չէ։ Պետությունը, ի դեմս՝ գործող իշխանությունների, կորցրել է վստահությունը ներդրողների շրջանում։
Ո՞վ կուզենա համագործակցության մեջ մտնել մի իշխանության հետ, որը քաղաքական նպատակներով արհամարհում ու ոտնահարում է ներդրողի իրավունքները։ Փաստացի իշխանությունը Հայաստանում վստահելի գործընկեր չէ ներդրողի համար՝ լինի արտաքին թե՝ ներքին։ Յուրաքանչյուր պահի կարող են խնդիրներ ստեղծել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարություններից։
Նման գործելաոճը չի կարող ընդունելի լինել ներդրողի համար։ Այդպիսի իշխանություններից ներդրողներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ ծրագրերը կարող են լինել պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում։ Այս իսկ պատճառով էլ, բնավ զարմանալի չէ, որ այսօր պետությունը պատրաստ է մասնակցել ներդրումային ծրագրերում, բայց ներդրողները մոտ չեն գալիս։
Իշխանությունն այնպես է խառնել երկրի ներդրումային միջավայրը, որ տարիներ են պետք, որպեսզի այն խելքի գա։ Սա խնդիր է, որն ամենևին էլ կապված չէ համավարակի հետ, և պետք չէ կարծել, որ այս վիճակի մեղավորը համավարակն է։ Մինչև համավարակն էլ ներդրողների ուշքը չէր գնում Հայաստանում ներդրումներ անելու համար՝ չնայած «թավշյա հեղափոխության» ընձեռած «աննախադեպ» հնարավորություններին ու ստեղծած «իդեալական» պայմաններին։
Ներդրումային միջավայրի լավագույն գնահատականը ներդրումների ծավալն է։ Իսկ այդ առումով, ինչպես 1 կամ 2 տարի առաջ, այնպես էլ հիմա իշխանությունները հպարտանալու առիթ չունեն։ Այսքանից հետո բնավ չպետք է զարմանալ, որ նույնիսկ պետություն-մասնավոր համագործակցությունը չի կայանում՝ մեծացնելով ճգնաժամի հետևանքները տնտեսության վրա։ Ավելին, տարօրինակ չէ, որ չնայած կառավարության նախաձեռնած երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային միջոցառումներին՝ չկան տնտեսական ակտիվության վերականգնման նշաններ։
Անդրանիկ Կիրակոսյան