ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻԻՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված նոր համաձայնագրի կարևորությունը՝ ըստ իրանցի փորձագետի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԻԻՀ արտգործ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի ուղևորվել է Մոսկվա՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, տարածաշրջանային իրավիճակի հարցերով և երկու երկրների համար ռազմավարական կարևոր թեմաներով խորհրդակցություններ անցկացնելու համար:

Այդ ուղևորության հիմնական նպատակներից մեկը Իրանի և Ռուսաստանի միջև 20-ամյա համաձայնագրի երկարացումն է: Այս կապակցությամբ որոշ փորձագետներ հայտարարել են, որ Մոսկվայի և Թեհրանի միջև 20-ամյա համաձայնագրի երկարաձգման վրա ազդում է Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա համագործակցությունը:

Այս կարծիքները հնչում էին լուրերի ֆոնին, որ երեք երկրները մտադիր են դոլարը հանել իրենց առևտրային հարաբերություններից՝ տնտեսական կոլափս ձևավորելով և ամերիկյան դրամական արժույթը փոխարինելով ռուբլով, յուանով և ռիալով: «Խաբար»-ի իր հոդվածում Մահան Նոուրուզպուրն այս մասին խոսել է Եվրասիական տարածաշրջանի քաղաքականության փորձագետ Հասան Բեհեշտիպուրի հետ:

Ստորև ներկայացրել ենք փորձագետի արտահայտած հիմնական մտքերը:

Հասան Բեհեշտիպուրը նշել է, որ Ռուսաստանի հետ 20-ամյա համագործակցության մասին համաձայնագրում Իրանի և Չինաստանի միջև համագործակցությունը նոր գործոն է: ԻԻՀ-ն Չինաստանի հետ հարաբերություններում չունի հատուկ դժվարություններ կամ մրցակցային նյուանսներ, ինչպես Ռուսաստանի կամ ցանկացած այլ երկրի հետ: Պատճառն այն է, որ Իրանի տնտեսությունը լրացնում է Չինաստանի տնտեսությունը:

Փորձագետը շեշտել է, որ  Չինաստանն էներգիայի, իսկ Իրանը սեփական էներգետիկ ռեսուրսների արտահանման կարիք ունի: Միևնույն ժամանակ, ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը էներգարտադրող է և համապատասխանաբար, Զարիֆի ժամանումը Մոսկվա ԻԻՀ-ի  արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն ստեղծելու և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հավասար համագործակցություն հաստատելու նպատակ ունի:

Բեհեշտիպուրը նշել է, որ բանկերը պետք է իրանցի բիզնեսմեններին վարկ տրամադրեն ռուբլով, իսկ ռուս բիզնեսմեններին՝ ռիալով, երկու երկրների միջև փոխանակումից դոլարը հանելու համար: Վերջերս հայտարարվել է, որ որոշ ռուսական բանկեր կարող են տնտեսական փոխանակումներ իրականացնել ռուբլով և ռիալով:

Մյուս հարցը իրանական ապրանքները Ռուսաստան կամ Եվրասիա արտահանելու դեպքում դրանց ապահովագրության անհրաժեշտության մասին էր:

Իրանը առաջընթաց է գրանցել եվրասիական սակագնային համակարգի յուրացման մեջ: Ռուսաստանը որոշակի ստանդարտներ է սահմանել ապրանքների ներմուծման համար, որոնք Իրանը պետք է ներդնի իր ապրանքներն արտահանելիս: Դրանց կիրառումն Իրանի համար դժվար է, և այդ խոչընդոտը դեռևս կանգնած է երկու երկրների միջև համագործակցության ճանապարհին:

«Եթե Իրանը մնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում, Չինաստանը և Ռուսաստանը մեզ կաջակցեն: Բայց եթե Իրանն Անվտանգության խորհրդից դուրս գա, այն երկրները, որոնք այսօր վետո են դնում ԱԽ-ի հակաիրանական բանաձևերի վրա, իրենց մոտեցումը կփոխեն...

Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան Օբամայի օրոք: Անշուշտ, եթե դեմոկրատներն ընտրություններում հաղթեն, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ավելի կվատանան: Հաշվի առնելով այս կուսակցության արժեհամակարգը, որը հիմնվում է մարդու իրավունքների վրա, կարելի է սպասել ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների ուժեղացման», - եզրափակել է Բեհեշտիպուրը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular