Նախորդ տարվա համեմատ այս տարի 100 մլն դոլարի հարկ քիչ է հավաքվել.Կառլեն Խաչատրյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ1or.am կայքի զրուցակիցը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն է։
- Պարոն Խաչատրյան կենտրոնական բանկի նախագահը վերջերս խոսեց այն մասին, որ եթե այսպես շարունակվի, բանկային համակարգում կարող են խնդիրներ ծագել, մասնավորապես` վարկերի հետ կապված։ Ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում։
— Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ երկրի ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված մարդկանց կենսամակարդակը կտրուկ նվազել է, և վարկերի սպասարկման լուրջ խնդիր կա։ Ընդ որում այս խնդիրը հավասարապես վերաբերվում է ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, մեր երկրում մոտավորապես 8 մլրդ դոլարի վարկ է տրամադրվել, որի 25 %-ը սպառողական վարկեր են։ Այսինքն՝ վարկեր, որոնք ֆիզիկական անձիք վերցրել են իրենց ընթացիկ սպառողական խնդիրները՝ սնվելու, հագնվելու, կրթվելու և այլն, լուծելու համար։ Ու հիմա, համավարակով պայմանավորված, մարդկանց եկամուտների քանակը նվազել է: Շատերը զրկվել են աշխատանքից, եկամուտի աղբյուրից, արտագնա աշխատանքի հնարավորություն չկա, հետևաբար դրսից եկող տրանսֆերների ծավալը ևս նվազել է:
Ստացվում է, որ վարկերը սպասարկելու լրջագույն խնդրի առջև ենք կանգնել, իսկ եթե վարկառուները չեն կարողանում սպասարկել վարկերը, բնականաբար, վարկային համակարգում խնդիրներ են առաջանում, քանի որ ֆինանսաբանկային հատվածը հենց այդ ֆինանսական միջոցների ներգրավման ու դրանք, որպես վարկ, կամ՝ այլ փոխառու միջոց տրամադրելու ցիկլի միջոցով ձևավորվող շահույթի հիման վրա են գոյատևում։
- Այս պայմաններում հարկերի հավաքագրման առումով ի՞նչ խնդիրներ կարող են լինել Հայաստանում։
— Հարկերի հավաքագրման մասով արդեն կան նախնական տվյալները: Առաջին 7 ամիսների համար, մոտավորապես, 100 մլն դոլարի հարկ քիչ է հավաքվել այս տարի՝ նախորդ տարվա համեմատ։ Բնականաբար, սա մտահոգիչ ցուցանիշ է, և այս տեմպերը շարունակվելու պարագայում մենք մոտավորապես մինչև 15 % հարկային եկամուտների թերհավաքագրում կունենանք, ինչը պետական բյուջեի համար հավելյալ խնդիրներ կառաջացնի։
Սոնա Գիշյան