ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային հերթական էսկալացիա թե՞ պատերազմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե ուշադիր եք լրատվական հոսքերին և տեղեկատվական զարգացումներին, ապա նկատած կլինեք, որ վերջին շրջանում Հայաստանի պատմության մեջ բացառիկ տրամադրություններ են նկատվում։ Իրականում լուրջ հիմքեր կան կարծելու, թե Հայաստանը պատերազմ է ուզում, ամեն ինչ անում է դրա բռնկման համար և ինտենսիվորեն պատրաստվում է դրան։ Տևական ժամանակ հետևելով Ղարաբաղյան հակամարտության պատմությանն ու ընթացքին՝ կարող ենք վստահաբար փաստել, որ երբևէ նման իրավիճակ չի եղել, որ հայկական կողմն այսքան բացեիբաց գնա առճակատման ու իրավիճակի սրման։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի հիմնական ընդդիմախոսները նրան մեղադրում են հող հանձնելու, պարտվողական կեցվածքի, Արցախը Ադրբեջանին հանձնելու և այլ մահացու մեղքերի մեջ։
 
Իրականում, սակայն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով տապալել է բանակցային գործընթացը, առնվազն այնպիսի անթույլատրելի հայտարարություններ է արել, որոնց հետևանքով փակուղային իրավիճակ է ստեղծվել և հիմա պատրաստվում է պատերազմի։ Քանի որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Արձանագրենք մի հետաքրքրիր նյուանս ևս․ Հայաստանը նաև Թուրքիային է սկսել սադրել և Սևրի պայմանագրի վերաբերյալ վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց ուղերձները ասվածի լավագույն վկայությունն են։ Ըստ էության՝ սա էլ պատահական չի արվել, քանի որ դրանով Երևանը փորձում է Ադրբեջանի հետ բախման ժամանակ նպաստավոր պայմաններ ստեղծել Թուրքիայի առավելագույն ակտիվության համար։ Իսկ ակտիվացնել Թուրքիային նշանակում է խաղի մեջ մտցնել Ռուսաստանին։ Եվ մինչ Ռուսաստանը զբաղված է լինելու Թուրքիան սանձելով և նրա ազդեցությունը Ադրբեջանում նվազեցնելով, Հայաստանը Մոսկվայի օգնությամբ կարող է որոշակի հաջողություններ արձանագրել Ադրբեջանի հետ շփման գծում։
 
Ընդհանուր ստեղծված իրավիճակում, արդեն, ռուսներին էլ է ձեռք տալու, որ հայկական բանակը ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա։ Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես փոքրիկ և նույնիսկ սիմվոլիկ հաղթանակ է պետք Ադրբեջանի նկատմամբ կամ նույնիսկ հաղթանակի պատրանք, միֆ՝ ներքին լսարանին կերակրելու համար։ Հեղափոխական հռետորաբանությունը սպառվել է, սոցիալական պոպուլիզմը նույնպես, իսկ Տավուշյան մարտերը քիչ են այդ բացը լրացնելու համար։ Պետք է այնպիսի բախում, որի քարոզչությունը կծածկի տնտեսական բարեփոխումների բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումն ու հավերժ կլեգիտիմացնի փաշինյանական վարչակազմի գոյությունը Հայաստանում։ Այս մոտեցմամբ Փաշինյանը նաև փորձում է չեզոքացնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը՝ հիմնավորելով նրա թեզերի սխալականությունն ու խոցելիությունը։
 
Սա մի մեծ ու քայքայիչ արկածախնդրություն է, որի հաջողման դեպքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները էլ ավելի են սառեցվելու, և դրան զուգահեռ մեծանալու է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, այսինքն, մենք զիջելու ենք մեր ինքնիշխանության ինչ-որ բաղադրիչներ հանուն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության և փառքի հասնելու բնազդի։ Հայաստանն էլ ավելի է աղքատանալու, սոցիալական վիճակը ծանրանալու է, իսկ ի հակադրություն դրան, Փաշինյանի անվերահսկելի մենիշխանությունը էլ ավելի է ամրապնդվելու և զարգանալու։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular