ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության «ճաքերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում բավականին ինտենսիվ բնույթ են ստացել իշխանական վերնախավում տեղի ուենցող կադրային փոփոխությունները, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվում են, որոշ դեպքերում դրանք անսպասելի են, որոշ դեպքերում՝ սպասված և ուշացած։ Երեկ մի շարք փոփոխություններ եղան գործադիրում․ ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանը ազատվեց պաշտոնից։ Նրա գործունեության հետ կապված բազմաթիվ հակասություններ կային թիմում, խորհրդարանական խմբակցության հետ։ ԿԳՄՍՆ-ի, Թամրազյանի հետ հակասությունների պատճառով աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանը։ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ չէր ստորագրում որոշումը, սակայն, փաստորեն, երեկ գրչի մի հարվածով ազատվեց նաև նրանից՝ այդպես էլ չլուծելով ԲՈԿ-ԿԳՄՍՆ թնջուկը և հակասությունների կծիկը։

Ներթիմային հակասությունների պատճառով սեպտեմբեր ամսվա ընթացքում երրորդ պատգամավորն է իշխանությունից հեռանում։Երեկ հայտնի դարձավ, որ Գայանե Աբրահամյանը վայր է դնում մանդատը, պատճառների մասին նա չի մանրամասնում, բայց կան ակնարկներ, որից կարելի է ենթադրել, որ քաղաքական որոշումների հետ հաշտ չէ։ Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր կային, թե Աբրահամյանի անհամաձայնությունը կապված է ՍԴ դատավորների ընտրության հետ։ Քաղաքական թիմի հետ խորհրդարան եկածները, նրանց գաղափարները ընտրություններին կիսողները եւ Փաշինյանի շնորհիվ մանդատ ստացածները, եթե այժմ հակասություններ ունեն իշխանության այս կամ այն քայլերի հետ եւ այս ուղղությամբ չեն կարողանում ոչինչ անել՝ քննարկումներ թիմում, համոզել, ցույց տալ այլընտրանքը, ճիշտ կլինի դուրս գան թիմից, քան մնան խորհրդարանում եւ հայտարարեն, որ ժողովրդից են ստացել մանդատը։

Հանուն արդարության պետք է նկատել, որ մանդատ ստացածների 99 տոկոսին ժողովուրդը չի ճանաչում եւ մանդատ տվել է Փաշինյանի շնորհիվ։ Այսպես ստացվում է, որ քաղաքական ուժի շնորհիվ խորհրդարան են գնում, դիմագիծ չկորցնելու համար սկսում անհատական ընդդիմադիր խաղեր խաղալ։ Իսկ քաղաքական թիմի ղեկավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչ է կատարվում իշխանության ներսում, ինչու է խորհրդարանական խմբակցությունը ճաքեր տալիս, ինչ գաղափարական անհամաձայնություն ունեն իրենց գործունեության հետ, չե՞ն պատրաստվում վերանայել որոշ քայլեր,։ Ինչքան էլ կադրային քաղաքականությունը և որոշումների ընդունումը իշխանության մենաշնորհն է, ամեն դեպքում, որպեսզի հանրությունը դրանք հասկանա, ընկալի, մարսի, հավանություն տա, պետք է մարդկանց բացատրել, հիմնավորել այդ կադրային տեղաշարժերը, որոշումները։ Անհասկանալի ազատումները և նշանակումները, թիմակիցների հիասթափություններն ու հեռանալը կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ ունենալ՝ ի վնաս իշխանությունների։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular