Սա է Ալիեւի կողմից սաբոտաժ է. միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքի. Շարմազանովը` դիվերսիայի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱդրբեջանը ցույց է տալիս իր իրական դեմքը. սա Վիենայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների սաբոտաժ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից դիվերսիայի փորձերին, որոնք հայկական կողմը հաջողությամբ հետ է մղել:
«Սա արհամարհանք եւ մերժում է ԱՄՆ պետքարտուղար Քերրիի եւ ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը եւ առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Վիենայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դառնան, որպեսզի Ադրբեջանն այլեւս նման հանցագործ գործունեությամբ չզբաղվի»,-ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով, Ադրբեջամը նման քայլերով եւս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններում խճճվել է եւ մտել է փակուղի, նաեւ ձախողվել է. «Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի եւ պրեսինգի ենթարկի Ադրբեջանի նման գործելաոճը, որովհետեւ Վիենայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություն ձեռք բերվեց բացառապես խաղաղ կարգավորման փուլ մտնել եւ իրականացնել վերահսկողության ներդրման մեխանիզմներ, որ այլեւս շփման գծում չլինի լարվածություն»:
Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը եւ ՀԱՊԿ անդամ երկրները հանդես եկան համատեղ հռչակագրով, որտեղ տեղ է գտել պարբերություն, որ ԼՂ հակամարտությունը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորում, եւ որ ՀԱՊԿ երկրները օժանդակելու են խաղաղ կարգավորմանը. «Եթե սա է Ալիեւի պատասխանը, ապա միջազգային հանրությունը պետք է խիստ գնահատական հնչեցնի, ու գիտակցի, թե ով է սրում իրավիճակը»:
Հարցին, թե ինչ պետք է անի այս իրավիճակում հայկական կողմը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. ««ԼՂՀ ՊԲ-ն փառքով կատարել է իր գործառույթները եւ կասեցրել է թշնամու առաջխաղացումը, եւ դա վկայում է այն մասին, որ մեր զինված ուժերը իրենց վրա դրված պարտավորությունները իրականացնում են բարձր մակարդակով»:
Միաժամանակ Շարմազանովը բացառեց լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. «Միգուցե կլինեն դիվերսիոն գործողություններ միգուցե կլինեն, բայց գործանականորեն լայնամասշտաբ պատերազմ չի լինի»:
Ավելի վաղ 1or.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: