ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվում է` սենսացիայի ոտքը այս անգամ կարճ դուրս եկավ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Մի քանի օր է` սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվում է, թե իշխանություններն ուզում են ՀԴՄ կտրոնը չվերցնելու դեպքում քաղաքացիներին տուգանելու մասին օրենք ընդունել: Առաջին հայացքից նման պնդումը կարող էր միայն ծիծաղ առաջացնել, բայց թեմայի շուրջ քննարկուներն այնքան լուրջ բնույթ ստացան, որ մի պահ կարելի էր մտածել, թե իրական է: Այն, որ իշխանությունները շատ հարցերում ինքնագոլի սկզբունքով են աշխատում, նորություն չէ, բայց որ կարող էին տրամաբանությունից դուրս հերթական աղմկահարույց որոշումն ընդունել, մի փոքր կասկածելի էր թվում:
 
Բարեբախտաբար չուշացավ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը, որով, փաստորեն, նա լույս սփռեց այս մութ պատմության վրա:
 
«Սիրելի բարեկամնե՛ր, քանի որ առավոտից արդեն մի քանի զանգ եմ ստացել այս թեմայով, ֆեյսբուքում էլ հրապարակումներ հանդիպեցին, միանգամից այստեղ էլ ասեմ։ ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում ՉԿԱ։ Նման առաջարկ-տեսակետ հնչեցվել է դեռ օգոստոսի վերջին Ազգային ժողովում, բյուջետային ծրագրերի քննարկման ընթացքում, երբ քննարկվում էր ՊԵԿ-ի բյուջեն։ Ընդ որում, առաջարկը հնչեցվել է հրապարակային, բոլոր խմբակցությունների պատգամավորների և լրագրողների ներկայությամբ։ Այնպես որ, պետք չէ դա ներկայացնել որպես մեծագույն բացահայտում։ Արձագանքելով այդ առաջարկին՝ թե՛ ես, թե՛ Արտակ Մանուկյանը, թե ՛ նիստին մասնակցող՝ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների մի շարք պատգամավորներ, ասել ենք, որ դեմ ենք այդ առաջարկին, քանի որ հարկ հավաքելը պետության գործառույթն է, ոչ թե քաղաքացու։ Նաև՝ դրա վարչարարությունն է խնդրահարույց։ Անկախ կոնկրետ գաղափարի կամ առաջարկի նկատմամբ վերաբերմունքից՝ յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի տեսակետ հայտնել և նախաձեռնություն ներկայացնել ցանկացած հարցով։ Սակայն, որոշումը կայացվում է նախ հանձնաժողովի, հետո՝ ԱԺ լիագումար նիստի ընթացքում քննարկմամբ ու քվեարկությամբ։ Այնպես որ, խնդրում եմ կրքերը արհեստականորեն չթեժացնել և անգամ քննադատելիս չմոռանալ հարգանքի և էթիկայի մասին»,- գրել է Բ. Թունյանը:
 
Ստացվում է, որ կարծիք հայտնելը կարող է հերթական սենսացիայի թեմա դառնալ, բայց, լավ կլինի, որ նման լուրերի թակարդն ընկնելուց ու միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ շաղ տալուց առաջ, լուրի իսկությունն առաջին աղբյուրից ճշտեք: Հակառակ դեպքում անտեղի կկորցնեք թե՛ ձեր նյարդերը, թե՛ ժամանակը:
 
Նաիրա Հայրապետյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular