ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարտ-բլանշից մենք պետք է օգտվենք, ոչ թե թշնամին. Էմիլ Օրդուխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարբեր ձևաչափերով քննարկումնեի ժամանակ առաջ է քաշվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ընդունման հարցը: 1or.am-ի հետ զրույցում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ պատերազմական իրավիճակում քաղաքական օրակարգն առաջին հերթին պայմանավորվում է պատերազմի դաշտում առաջնահերթ խնդիրների լուծման հանգամանքով: Եվ այդ պայմաններում Արցախի կարգավիճակի հարց քննարկելը որևէ կերպ չի կարող պայմանավորել պատերազմի ելքը:

«Այսինքն, այսօրվա մեր ռազմաքաղաքական ղեկավարության առաջնային խնդիրը պատերազմում հաջողություն գրանցելն է: Արցախի կարգավիճակի հարցը, որը ռազմավարական նշանակության հարց է, իհարկե, շատ կարևոր է, բայց, ըստ իս, կարող է քննարկվել միայն առաջնային խնդրի կարգավորումից հետո՝ քաղաքական օրակարգ ներառելու կամ չներառելու հարցը»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով այն մասին, թե Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը ինչքանով կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, Է. Օրդուխանյանը նշեց, որ՝ պաշտոնապես հրապարակված տեղեկության համաձայն Թուրքիան արդեն իսկ պատերազմում է մեր դեմ արցախյան ճակատից: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանային լարվածությանը, ապա ռուսական գործոնը այդ հեռանկարը զրոյացնում է:

«Ըստ իս նման բան չի կարող տեղի ունենալ` հաշվի առնելով Ռուսաստանի հանգամանքը: Բայց եկեք ընդունենք, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ չի պատերազմում ուղիղ ձևաչափով, ապա դա անում է արցախյան ճակատով: Եվ այստեղ շատ կարևոր մի շեշտադրում եմ ուզում անել. ակնհայտ է, որ այս ամենը պանթյուրքիզմի գաղափարախոսության գործականացման հեռանկար է: Այսինքն, իրենց կարծիքով՝ արցախյան ճակատով հարցը լուծելով Թուրքիան փորձելու է իրականության դարձնել այդ ծրագրի մի բաղադրիչը, որը, ինչպես հայտնի է, պատմական հիմքեր ունի: Նախկինում ևս եղել են և այսօր էլ կան նախադրյալներ, որոնք ցույց են տալիս, որ թյուրքական աշխարհը, փաստորեն, դրանից չի հրաժարվում: Բայց, ուզում եմ շեշտադրել նաև, որ՝ պանթյուքիզմի գործնականացումը ոչ միայն սպառնալիք է հայկական պետության համար, այլև՝ ուղիղ սպառնալիք է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար: Եվ այս ամենը հաշվի առնելով` բոլոր կարևոր դերակատարները պետք է որոշակիացնեն իրենց քաղաքական դիրքորոշումը այսօր, Արցախում տեղի ունեցող մասշտաբային պատերազմի պայմաններում»,- ասաց Է. Օրդուխանյանը:

Խոսելով ռուս փորձագետների կողմից հրապարակվող տեսակետը, թե առաջիկա մեկ-երկու օրերը վճռորոշ են լինելու տարածաշրջանում գերությունների դիրքավորման տեսանկյունից, քաղաքագետը նշեց, որ պատերազմի առաջնային փուլում սովորաբար միջազգային հանրությունը սահմանափակվում է զուտ հայտարարություններով, ինչը պատմականորեն ընկալվում է որպես քարտ բլանշ:

«Սա նշանակում է՝ թողնել, որ կողմերն իրենց ուժերով հարցը հասցնեն որոշակի իրավիճակի, որից հետո, եթե գործնական միջամտության կարիք կամ անհրաժեշտություն լինի՝ կմիջամտեն: Մենք տեսնում ենք, որ մեր հույսը պետք է միայն մեր ուժերի վրա դնենք, քանի որ միջազգային արձագանքն այս փուլում որևէ ազդեցություն չի կարող ուենալ պատերազմական իրավիճակի վրա: Եվ այդ քարտ-բլանշից մենք պետք է օգտվենք, ոչ թե թշնամին: Պետք է կարողանանք ամրացնել մեր դիրքերը և հնարավորության դեպքում ռազմական գործողությունները տեղափոխենք թշնամու տարածք և, ինչպես պաշտպանության նախարարը բազմիցս նշել է՝ նոր պատերազմի դեպքում նվաճենք նոր տարածքներ: Այս քարտ բլանշից օգտվելով մենք կկարողանանք հետագայում նաև Արցախի խնդիրը միջազգային տեսանկյունից և հարցի կարգավորման տեսանկյունից շատ ավելի ամուր դիրքերից ներկայացնել»,- ասաց է. Օրդուխանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular