ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմի համար զսպիչ գործոն կարող է լինել միայն հայկական բանակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է։

- Պարոն Բաղդասարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, դարձյալ ոչ հասցեական, հայտարարություն են տարածել Ֆրանսիան, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ եք կարծում, այս հայտարարությունները կարող են զսպաշապիկ հանդիսանալ Ադրբեջանի համար, թե՞ ոչ։ 

— Ադրբեջանական կողմի համար զսպիչ գործոն կարող է լինել միայն ոչ թե միջազգային հանրությունը այլ միայն հայկական բանակը, մեր զինված ուժերի հաջող գործողությունները։ Եթե մեր զինված ուժերը կարողանա շարունակել հաջող դիմադրությունը և հզոր հարված հասցնել, այդ դեպքում Ադրբեջանը կձևացնի, թե իբր լսում է միջազգային կոչերը և դադարեցնում է կրակը։ Իսկ եթե նրանք որևէ հաջողություն ունենան, բնականաբար, հաշվի չեն առնի միջազգային  հանրության կոչերը։ Այս դեպքում մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք և միասնաբար հարված հասցնենք Ադրբեջանին, որ նրանք ստիպված լինեն լսել միջազգային հանրության կոչերը։

Այս փուլում իրատեսակա՞ն է արդյոք, որ Հայաստանը այս պատերազմը  ավարտի հաղթանակով։

— Իհարկե։ Եվ ասեմ թե ինչու, որովհետև այս պատերազմում հայկական կողմը և ադրբեջանական կողմը իրենց առջև նույնանման խնդիր չեն դնում։ Ադրբեջանական կողմի նպատակն է պարզապես ոչնչացնել մեզ, իսկ մեր նպատակն է այնպիսի կործանիչ հարված հասցնել, որ երկար ժամանակով նրանց մտքով չանցնի խնդիրը ռազմական ճանապարհով լուծել։ Ես կարծում եմ և վստահ եմ, որ մեր բանակին դա կհաջողվի։  Նրանց նպատակն է Արցախը, նույնիսկ Հայաստանը վերացնելը իսկ մենք  նպատակ չունենք Բաքուն գրավել և Ադրբեջանը վերացնել։ Մեր նպատակը նրանց ցավոտ հարված հասցնելն է, որ նրանք մոռանան պատերազմի մասին։ Այսինքն մեր առջև դրված խնդիրը լուծելու հավանականությունը շատ ավելի մեծ է քան նրանց հաղթելու հավանականությունը, քանի որ նրանք մեզ հաղթելու խնդիր չեն դրել, նրանք մեզ ոչնչացնելու խնդիր են դրել, ինչը անհնար է։

- Ձևով ի՞նչ տեսակ պատերազմ է սա։ Տեսակետ կա, որ սա հերթական դավադրությունն է  Հայաստանի դեմ, որի նպատակն է այնպես անել, որ Հայաստանը դիմի ՌԴ-ին, որ փոխվի Ղարաբաղյան ճակատի կոնֆիգուրացիան, և խաղաղապահ զորքեր հայտնվեն։  

—  Սա ավելի լայնամաշտաբ պատերազմ է, և չեմ կարծում, որ Ադրբեջանի խնդիրը դա է։ Իրենց լեզվով ասած, իրենց նպատակն է, որ ամբողջովին վերացնեն օկուպացիան։ Դա ի՞նչ է նշանակում իրենց լեզվով, նշանակում է, որ իրենք ձգտում են գրավել և ոչնչացնել Արցախը։ Սա լայնամասշտաբ պատերազմ է, որի մասին մենք բազմիցս խոսել ենք  և գիտեինք, որ դա վաղ թե ուշ սկսվելու է, որովհետև մենք գործ ունենք ոչ ադեկվատ հակառակորդի հետ, որը պարզապես բացառում է որևէ փոխզիջում։ Սա լայնամասշտաբ պատերազմ է և համեմատելի չէ անգամ Ապրիլյան պատերազմի հետ, սա այն կռիվն է, որ մեր ժողովուրդը պետք է մի անգամ գոնե մինչև վերջ տանի և մեկնդմիշտ լուծի այդ խնդիրը։ Մենք տեսանք, թե Ապրիլյան դեպքերից հետո ինչ եղավ, տեսանք հուլիսյան կիսատ պատերազմը, իսկ կիսատ պատերազմներ չեն լինում և սա այն դեպքն է, որ պետք է մինչև վերջ տանենք և այս հարցը մեկնդմիշտ լուծվի։

- Դիվանագիտական ի՞նչ քայլեր պետք է կատարվեն մեր կողմից։

 Ես կարծում եմ, որ դիվանագիտական հարցում մենք թերացել ենք, և ոչ միայն դիվանագիտական, այլև միջազգային քարոզչական։ Այդ հարցերում մենք թերացել ենք, որովհետև ադրբեջանական ագրեսիա տեղի ունեցավ և միանշանակ ադրբեջանական կողմի դատապարտում չկա։ Հիմա ի՞նչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը պետք է շատ ակտիվ դիվանագիտական ջանքերով հասնի նրան, որ միջազգային հանրությունը հստակորեն դատապարտի Ադրբեջանին, իսկ մյուս կողմից հայկական քարոզչությունը պետք է ամեն ինչ անի, որ միջազգային հեղինակավոր  լրատվամիջոցները ներկայացնեն իրողությունը և հղումներ անեն, ոչ ադրբեջանական կողմին։ Մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ  նաև այդ բնագավառներում՝ միջազգային քարոզչություն և դիվանագիտություն և պետք է փորձենք ավելի փոքր ռեսուրսներով  վճռական հաղթանակ տանել։ Սա այն է ինչ մեր բանակին հաջողվում է, իսկ մեր  դիվանագիտությանն ու քարոզչությանը չի հաջողվում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular