Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ ինքնասպանության փորձ է արել և հետագայում էլ կգործի պատգամավորի և դատախազի պատճառով. Տեսանյութ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անցկացված դատական նիստի ժամանակ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով որպես ամբաստանյալ ներգրավված Գարիկ Բաբախանյանը դատական նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ։
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Բաբախանյանը հայտարարեց, որ օրեր առաջ Նուբարաշենի բանտում ինքը փորձել է իր կյանքին վերջ տալ և իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և այդ քայլին դիմել է Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի և մեղադրանքը պաշտպանող դատախազի պատճառով.
«Եթե ես իմ կյանքին վերջ տամ կամ ինքնավնասեմ ինձ, ապա դրա մեղավորը նշված անձինք են»։ Դատական նիստի ողջ ընթացքում դատական կարգադրիչները կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները ուժեղացված ծառայություն և հսկողություն էին իրականացնում, քանի որ ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ ամբաստանյալը դատական նիստի ժամանակ ինքն իրեն վնասեր։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր նշված դատարանում միաժամանակ քննության էր առնվում մի քանի աղմկահարույց դատեր և ուղեկցող ոստիկաններն ու դատական կարգադրիչները մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց ծառայությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: