ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա օրերին միջազգային հանրությունը բոլորովին այլ կերպ կարձագանքի այս ամենին. Սարո Սարոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։
 
«Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,- եզրափակել է վարչապետը:
 
Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանն անդրադառնալով այս ձևակերպումներին` 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմը սկսելուց անմիջապես հետո ակնհայտ էր, որ մեր բանակը շատ լավ է պատրաստված և ռազմական գործողությունները վարում է ռազմագիտական բոլոր կանոնների համաձայն: Ակնհայտ էր նաև, որ դիվանագիտական դաշտում կար որոշակի վակուում աշխարհին առկա իրողությունները ժամանակին ներկայացնելու և միջազգային ասպարեզում հանրային տրամադրությունները ուղղորդելու հարցում:
 
«Նկատելի էր, որ այն հաջողությունները, որոնք գրանցվում էին պաշտպանական մարտերի ընթացքում, համահունչ չէին դիվանագիտական դաշտում՝ դիվանագիտական կորպուսների աշխատանքի տեսանկյունից: Կարիք կար մեր կողմից վարվող քաղաքականությունը բանակի հաջողություններին համահունչ արտաքին աշխարհին ներկայացնել: Սակայն, երեկ տեղի ունեցավ որոշակի բեկում, որը և արձանագրվեց Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասաց Ս. Սարոյանը:
 
Քաղաքագետի դիտարկմամբ՝ մի կողմից կարիք կար աշխարհին ներկայացնել, թե իրականում ով է սկսել այս պատերազմը և մյուս կողմից պետք էր աշխարհի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե Հայաստանն ու Արցախը իրականում ում կամ ինչի դեմ են կռվում:
 
«Իրականում մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ և կարևոր էր դա արձանագրելը: Այսինքն՝ այդ բեկում ասվածը, դա է: Արդեն իսկ պարզ երևում է, որ միջազգային հանրության կողմից ընկալելի է դառում թե մենք ինչի դեմ ենք կռվում, որը շատ էական դիրքեր կապահովի առաջիկայում մեզ համար: Եվ, քանի որ ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի համար, աշխարհը Ադրբեջանին ընկալեց որպես ահաբեկչություն իրականացնող և ահաբեկչությանը խթանող պետություն: Եվ փաստորեն, պարզ դարձավ, որ մենք ահաբեկչության դեմ ենք ներկայում պայքարում: Սա դիվանագիտական առումով բավականին ողջունելի ձեռքբերում է և կարող ենք վստահաբար ասել, որ այդ դաշտում մենք ունեցանք որոշակի հաջողություն»,- ասաց Ս. Սարոյանը:
 
Բացի այդ, ըստ քաղաքագետի, միջազգային հանրության համար ընկալելի դարձավ նաև, որ մեր բանակը մի քանի անգամ ավելի մարտունակ է, քան ադրբեջանական բանակը, որը, անգամ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբերի օժանդակությամբ չի կարողանում որևէ խնդիր լուծել: Այս ամենի արդյուքնում միջազգային հանրության կողմից Հայաստանն այլևս չի ընկալվի որպես ինչ-որ երկրի փոքր եղբայր կամ հովանավորյալ երկիր, ինչը ևս շատ կարևոր է:
 
«Ակնհայտ է, որ առաջիկա օրերին միջազգային հանրությունը բոլորովին այլ կերպ կարձագանքի այս ամենին: Եվ այստեղ որևէ կասկած պետք չէ ունենալ»,- ասաց Ս. Սարոյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular