ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանագետը՝ այսօրվա խոցված ուղղաթիռը Իրանում հայտնվելու և հարևան երկրի կարևորագույն հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այդ առիթով անմիջապես հայտարարություն տարածեց, նշելով, որ կատարվածի մեջ որևէ միտում չկա, և, քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:
 
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին նշեց, որ մինչ այդ արդեն իսկ ԻԻՀ-ի տարածք էին ընկել երեք հռթիռ և մեկ խոցված ԱԹՍ, որից հետո Իրանը հայտարարել էր, որ կողմերը ուշադիր լինեն և գործողությունները ծավալեն պատերազմող երկրների սահմաններում: Թույլ չտան, որ հետագայում նման զինտեխնիկա չհայտնվի իր տարածքում:
 
«Այսօրվա Լելե Թեփեի ուղղությամբ խոցված ուղղաթիռը կրկին ընկել է Իրանի տարածք: Այն չի խոցվել Իրանի օդային սահմանում, այլ խոցվել է Արցախի տարածքում և, ցավոք սրտի, դրա ընկնելու ուղղությունը մենք չէինք կարող ուղղորդել: Մենք տեսանք, որ թե՛ Արցախի պաշտպանության բանակը, թե՛ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շատ արագ արձագանքեց այս ամենին, ներողություն խնդրեցին տեղի ունեցածի կապակցությամբ, նշելով, որ որևէ միտում չի եղել և դա զուտ պատահականության հետևանք է: Հայցեցին նաև իրանական կողմի ներողամտությունը: Մինչ այս պահը այս առումով Իրանի կողմից ես դեռ որևէ արձագանքի չեմ հանդիպել, թեև յուրաքանչյուր պահի այն կարող է լինել»,- ասաց Գ. Իսկանդարյանը:
 
Խոսելով սահմաններն ամրացնելու և ծանր տեխնիկա տեղակայելու լուրերի մասին՝ իրանագետը նշեց, որ նման հայտարարություն թեև չի եղել, սակայն, ելնելով Իրանի սահմանների մոտ տեղի են ունեցող պատերազմական իրավիճակից, տրամաբանական է, որ հարևան երկիրը պետք է ամրացնի իր սահմանները: Բացի այդ, նա հավելեց նաև, որ Իրանի կառավարությունը պատերազմական գործողությունների հենց առաջին իսկ օրերին ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել, ստեղծված իրավիճակը գնահատելու և հետագա գործողությունները պլանավորելու նպատակով:
 
«Սրանք շատ կարևոր քայլեր են, որը, բնականաբար, յուրաքանչյուր երկիր իրականացնում է, իր ազգային անվտանգությունը ապահովելու համար: Կարևոր էր նաև ԻԻՀ արտաքին գործերի նախարարության երեկվա հայտարարությունը , որով տեղեկացվեց, որ թույլ չի տա իր երկրի տարածքների մոտ վարձկանների ներկայություն և ամեն կերպ պայքարելու է նրանց գործունեությունն արգելելու համար: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հայտարարություն էր, քանի որ, պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձկաններ չունի, իսկ թե ում էր ուղղված այդ հայտարարությունը բոլորի համար պարզ էր, որը նաև բավական հստակ մեսիջ է»,- ասաց Գ.Իսկանդարյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular