ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական շրջանակները պետք է հասկանան, որ այս պահին միայն գործնական քայլեր են պետք. Աշոտ Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ թուրքերի պատերազմական հռետորաբանությունն ամենևին էլ նորություն չէ, բայց և հիշեցրեց, որ պատմությունից հայտնի դրվագներ, որ երբ գերտերությունները Թուրքիայի դեմ վճռական քայլեր են իրականացնում, Թուրքիան ընկրկում է:

«Էրդողանի հոխորտալը դեռ ոչինչ չի նշանակում, բայց ես կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից պետք է ոչ միայն դիվանագիտական հայտարարություններ լինեն, այլև՝ գործնական քայլեր: Եվ եթե այդ գործնական քայլերը արվեն, ապա բոլորը կտեսնեն, թե ինչպես կփոխվի Էրդողանի հռետորաբանությունը: Այսինքն, այստեղ ոչ այնքան Էրդողանի կոկորդ պատռելն է կարևորը, որքան եռանախագահների գործնական քայլերը: Այսօր դիվանագիտական քայլերով թուրքերին կանգնեցնել հնարավոր չէ: Դրա համար կան լծակներ, պայմանավորվածություններ, միջպետական համաձայնագրեր, որոնք պետք է գործի դրվեն: Հանգամանք, որը, բնականաբար, կկանգնեցնի և՛ Թուրքիային, և՛ Ադրբեջանին»,- ասաց Ա. Մելքոնյանը:

Թուրքիայում տեղակայված՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազան Հունաստան տեղափոխելու Միացյալ Նահանգների մտադրությունը ևս ակադեմիկոսը դիվանագիտական քայլ է որակում և շեշտում, որ այսօր ավելի տեսանելի է դառնում, որ մեր հույսը մենք ենք և մեր զինվորը:

«Ես չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք: Եվ թող դիվանագիտական շրջանակները մեկ բան հասկանան, որ մենք կշտացել ենք, այսպես ասած, երբեմն արվող պրոհայկական հայտարարություններից: Դրանք բավարար չեն: Նորից եմ կրկնում միայն գործնական քայլեր են հարկավոր, որպեսզի մենք կարողանանք մեր թշնամու մռութը վերջնականապես ջարդել»,- ասաց Ա. Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ ակադեմիկոսի, այլևս իրողություն է, որ Ադրբեջանը, դարձել է Թուրքիայի նահանգներից մեկը, ինչն այս պահին այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ Արաբական աշխարհի մեծ մասի համակրանքը հայերի կողմն է, իսկ Թուրքիայի կողմից արցախա-ադրբեջանական պատերազմական գոտի գրոհայինների ներմուծման ճանապարհը փակելը ամենկարևոր հարցն է:

«Այլևս աշխարհին հայտնի է, որ ադրբեջանական կողմից կռվող գրոհայինները միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ աշխարհի մեծերը, որոնք անհանգստացած են միջազգային ահաբեկիչների առումով, պետք է գործնական քայլերի դիմեն: Նրանք պետք է Ադրբեջանը մաքրեն ահաբեկիչներից, որի ձևը նրանք շատ լավ գիտեն: Սա հին աշխարհը չէ, իսկ ահաբեկիչներին հարվածելու շատ ձևեր կան: Այնպես որ, առաջադեմ աշխարհը պետք է հասկանա, որ միջամտելով այս ամենին, փրկում է նաև իրենց: Ճիշտ է ասված, որ մենք այս պահին քաղաքակրթական առաջնագծում պայքարում ենք սև ուժերի դեմ և, իսկապես, այսօր Հայաստանը համաշխարհային քաղաքակրթական առաքելություն է իրականացնում»,- ասաց Ա. Մելքոնյանը:

Խոսելով Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանի՝ առաջնագիծ մեկնելու և իր զինակից ընկերների հետ պատերազմին մասնակցելու մասին Պատմության ինստիտուտի տնօրենն ասաց.

«Առաջնագծում Արայիկ Հարությունյանի ընկերներն են կռվում և, ականատես լինելով իր ընկերների հերոսական քայլերին, բնական է, որ նա չէր կարող այնտեղ չհայտնվել: Մենք դատապարտված ենք հաղթելու: Սա 1918 թվականի մայիսն է, որի ժամանակ մենք հաղթեցինք: Այս անգամ էլ ենք հաղթելու, և որևէ մեկը թող չկասկածի, քանի որ եթե տանուլ տանք, մենք այլևս կզրկվենք ապրելու իրավունքից: Եթե այս պատերազմը Ադրբեջանի համար ալիևների ու փաշաևների նավթադոլարների խնդիրն է, ապա մեզ համար ապրելու իրավունքի նվաճումը, որը անկասկած պսակվելու է հաղթանակով»:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular