ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի նպատակը՝ հարավկովկասյան տարածաշրջան «խցկվելն» է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում լուծվում է անվտանգության նոր համակարգի հարց, և սա, թերևս, վեր է որևէ կասկածից: Ամբողջ խնդիրն այն է, թե հատկապես ինչ կոնֆիգուրացիաների մասին է խոսքը: Թուրքիայի պարագայում ակնհայտ է, որ Անկարան դրել է խնդիր՝ ինչպիսին էլ լինի կոնֆիգուրացիան, դրանում ինքը չպետք է ունենա որևէ ուժային կենտրոնից նվազ դեր: Նշենք, որ հանրության մոտ սխալ տեսակետ կա, թե Թուրքիային հետաքրքիր է արցախյան գոտում որևէ հարաբերակցություն կամ Ադրբեջանի ռևանշ: Իրականությունն այն է, որ պաշտոնական Անկարային տվյալ պարագայում հետաքրքիր է մի բան՝ անվտանգային համակարգի ձևաչափ, որտեղ ճանաչվում է իր առնվազն վճռորոշ դերը, երբ հարավկովկասյան ռեգիոնում չի կարող լուծվել որևէ հարց առանց Թուրքիայի: Հենց այդ նպատակով է Անկարան սանձազերծել է պատերազմ Հայաստանի ու Արցախի դեմ և փորձում է հասնել բաղձալի ու ցանկալի նպատակին:

Թուրքիայի այդ նպատակն առավել քան հստակ է դարձնում նաև հայկական խնդիրը՝ ոչ մի քայլ չնահանջել այն դիրքից, որ ձևավորվել է արցախյան առաջին հաղթանակով, ու պատերազմական մարտահրավերին դիմագրավելիս դնել խնդիր այդ դիրքը, բառի բուն և պատկերավոր իմաստով, առաջ տանելու համար: Ընդ որում, այդ համատեքստում կա հետևյալ խնդիրը՝ խորքային առումով մենք կարող ենք չբացառել, որ թուրքական արկածախնդրությունը կարող է և ունենալ որոշակի արդյունք, և Անկարայի հետ Մինսկի խմբի համանախագահ ուժային կենտրոնները քննարկեն որոշակի եզրեր՝ ինչ-որ դեր տալու համար: Այստեղ սկզբունքային է երկու հանգամանք՝ այդ դերը չի կարող լինել ՄԽ համանախագահությանը հավասարազոր և, միևնույն ժամանակ, որևէ դերի պարագայում այն ՀՀ դերի հարաբերակցության մեջ չի կարող ենթարկվել փոփոխության: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի դերը չի կարող լինել Հայաստանի դերից ավելի, և Անկարայի որևէ դեր պետք է ենթադրի առանց նախապայմանի երկխոսություն Հայաստանի հետ՝ որևէ ուղիղ կապակցվածություն չունենալով Հայաստանի համար անվտանգային ռազմա-քաղաքական նշանակության որևէ որոշման մեխանիզմի հետ:Հակառակ պարագայում մեր սցենարն է՝ ոչ միայն Թուրքիայի որևէ դերի մերժում, այլ անգամ ՄԽ-ից Թուրքիայի հեռացում:

Ըստ էության՝ ՀՀ ռազմավարական կամ ռազմա-քաղաքական խնդիրն այս պատերազմում թերևս պետք է իր ձևակերպումներում պարունակի նաև հետևյալը՝ պատերազմի արդյունքը պետք է լինի խաղաղության պարտադրումը և, միաժամանակ, Ադրբեջանի ռազմա-քաղաքական դերի էական նվազեցումը ոչ միայն Թուրքիայի և համանախագահների, այլ նաև Հայաստանի համեմատ: Պետք է փաստենք, որ այսօր հայկական բանակը լուծում է ոչ միայն ռազմական կարևորագույն խնդիրներ, այլ գործնականում գծում է ռեգիոնալ քաղաքական սահմաններ և ուժերի հարաբերակցություն: Հայությունն այդ գործում բոլոր առարկայական ռեսուրսներով՝ նյութով ու մտքով պետք է լինի բանակի թիկունքին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular