ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը վերածվել է Թուրքիայի հրամանները կատարողի և որպես քաղաքական առաջնորդ կորցրել է ամեն ինչ. Էմիլ Օրդուխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնների ճշգրտումներում այսուհետ առանցքայինը լինելու է հայկական գործոնը, քանի որ Ադրբեջանը, փաստացի, այլևս կորցրել է ինքնիշխանությունը. 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

Նրա դիտարկմամբ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հետխորհրդային շրջանում Ռուսաստանից բացի Կովկասյան տարածաշրջան մուտք գործեցին նաև այլ խաղացողներ, որոնց թիվը, սակայն, անցած 30 տարիների ընթացքում գնալով նվազեցին: Եվ, եթե Վրաստանն ու Ադրբեջանը արտաքին քաղաքական այլ վեկտորներ որդեգրելով թուլացրեցին ռուսական գործոնը, ապա Հայաստանի Հանրապետությունը շարունակեց հավատարիմ մնալ իր դաշնակցային հարաբերություններին, պահպանեց ռուսական ռազմաբազան և ռուսական ներկայությունը տարածաշրջանում:

«Այդ ամենով հանդերձ, տարածաշրջանի մյուս կոնֆլիկտները՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հրադադարի և մասամբ ճանաչման հարցը, 2008 թվականին լուծվեցին Ռուսաստանի ուղղակի միջամտությամբ, իսկ Արցախը մնաց տարածաշրջանի միակ թեժ կետը և հարցը, անգամ միջնորդական առաքելությունների շնորհիվ, չլուծվեց: Ստացվում է, որ հայկական բանակն այսօր պատերազմելով թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, փաստացի, Հայաստանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական ճշգրտումներ է իրականացնում, իսկ արտաքին խաղացողները, փաստացի, չեն կարողանում որևէ միջամտություն իրականացնել: Մյուս կողմից ՀՀ վարչապետը հայտարարեց, որ նախկինում ընթացող բանակցությունների բովանդակությունը այս իրավիճակից հետո չի կարող նույնը լինել: Բացի այդ, արցախյան պատերազմը ցույց է տալիս, որ Հայաստանը, որպես ինքնիշխան սուբյեկտ է այսօր պայքարում և դրանով տարածաշրջանում աշխարհաքաղաքական տերություն դառնալու հավակնություն է ցուցաբերում, չդիմելով արտաքին խաղացողներին: Ահա այս առումով է, որ այս պահին աշխարհաքաղաքական շտկումներ են իրականացվում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ավելի գլոբալ առումներով»,- ասաց Է. Օրդուխանյանը:

Քաղաքագետի կարծիքով դա Հայաստանին թույլ կտա առավել ամուր դիրքերից ներկայանալ, քանի որ ռազմական գործողությունները ապացուցում են, որ հայկական բանակը ոչ միայն ամենամարտունակն է, այլև որակապես ամենաբարձրը:

«Սա նշանակում է, որ մեր հաղթանակի հաստատումից և պատերազմի ավարտից հետո Հայաստանը տարածաշրջանում այլևս կկարողանա պահանջել իր հանդեպ անկեղծ դաշնակցային հարաբերություններ դրսևորել: Այսինքն՝ կդառնա այնպիսի գործոն, որի հետ պետք է անկեղծ խոսել: Եվ այսօր այս տարածաշրջանում Հայաստանն այդ խնդիրն է լուծում»,- ասաց Է. Օրդուխանյանը:

Խոսելով Ադրբեջանի դերի սրընթաց նվազման մասին, Է. Օրդուխանյանը նշեց, որ բոլորի համար այլևս ակնհայտ է, որ Ալիևն իր երկրի քաղաքականությունն ամբողջությամբ տվել է Թուրքիային, ինչը անպաման իր հետևանքները կունենա:

«Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ Ալիևը վերածվել է Թուրքիայի հրամանները կատարողի և այս պարագայում, ինքը որպես քաղաքական առաջնորդ իր հեղինակությունը վաղուց կորցրել է: Այս ամենից հետո, պարզ է, որ Ալիևը տարածաշրջանում և միջազգային ասպարեզում այլևս չի կարողանա ունենալ այն իշխանությունը, որն ուներ մինչև պատերազմը: Այսինքն՝ Ալիևը հայտնվել է Թուրքիայից կախյալ իրավիճակում, իսկ նման երկրների առաջնորդներին լուրջ չեն վերաբերվում, իսկ Ալիևի լեգիտիմության անկումը, նրա դիրքերը այնքան կթուլացնի տարածաշրջանում և աշխարհաքաղաքական այլ կենտրոններում, որ նրան կդարձնի ավելի կախյալ, քան այսօր է»,- ասաց քաղաքագետը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular