ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ձեռագիրը նույնն է, իսկ միջազգային հանրության արձագանքը՝ թույլ ու տկար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանա-թուրքական ստի քարոզչական մեքենան շարունակում է անխափան գործել՝ հույս ունենալով հանրությանը համոզել, իրականության հետ աղերս չունեցող իրողություններում, մոռանալով, որ ինչքան շատ ստի, միջազգային հանրությունն ավելի շուտ կհասկանա, թե ինչու են 1915-ին հայերը զանգվածաբար տեղահանվել իրենց բնակավայրերից և ցեղասպանվել նախորդ դարասկզբներին: Ուշագրավ է, որ անցած հարյուր տարվա ընթացքում գերտերությունների թողտվության պատճառով թուրքերի ծավալապաշտական ախորժակն այնքան է բացվել, որ որոշել են հերթական անգամ ձեռնոց նետել ոչ միայն հայությանը, այլև ողջ աշխարհին՝ այդ ճանապարհին ոտնատակ տալով անգամ իրենց փոքր եղբոր ինքնիշխանությունը:
 
Սակայն, գերտերությունները չպետք է մոռանան, որ աշխարհում Ցեղասպանություն կոչվող արհավիրքի հեղինակը թուրքն է եղել՝ կոտորելով հայերին: Եվ, փաստորեն, մեկ դար անց էլ նույն ցանկությունն է փորձում իրականացնել մեկ այլ ձեռագրով: Եվ եթե այսօր Թուրքիան Ադրբեջանի ձեռքով միջազգայնորեն արգելված զենք է օգտագործում հայերի դեմ, ապա դա ոչ այլ ինչ է, քան նույն Ցեղասպանության շարունակության իրականացումը: Այսինքն, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից յաթաղանի փոխարեն միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր օգտագործելով, առանց վարանելու ավիրում են խաղաղ բնակավայրեր, ենթակառուցվածքներ, դպրոցներ, բնակելի տներ:
 
Ստացվում է, որ թուրքական քաղաքակրթություն ասվածը մնացել է նույնը, նախկին ախորժակը՝ նույնպես: Այժմ մնում է հասկանալ, թե այս անգամ այս ամենին ինչպես կարձագանքեն գերտերությունները, որոնք տարիներ շարունակ անտեսելով թուրքական գործոնի վտանգավորության աստիճանը, Ադրբեջանի նավթադոլարներով արբած` երկար ժամանակ աչք են փակել նաև հայկական հարցի ու հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքի վրա:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular