ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակի հրամայականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ակնհայտ է, որ պատերազմի հաղթական ավարտից հետո, իսկ այդ օրը վստահաբար շատ մոտ է, մենք ահռելի անելիք ունենք։ Ժամանակի ընթացքում մենք կզգանք և այսօր էլ զգում ենք, թե ինչպես է պատերազմը փոխում մեր աշխարհընկալումը, ազդում մեր կյանքի, մտածողության, գործողությունների վրա, իսկ պատերազմից հետո գալու է կանգ առնելու և մեր ապրած - չապրածը վերարժևորելու պահը։

Փաստն այն է, որ մենք լուրջ անելիք ունենք նաև իբրև պետություն, մեր սխալները ուղղելու, գործունեության ուղղությունները փոխելու, նոր ռազմավարություն մշակելու գործին մենք պետք է լծվենք հենց խաղաղ ժամանակ։ Այս բոլոր բացերը, ցավոք, դառնում են արյունոտ վերք, որի համար պատասխան ենք տալիս մեր զինվորների կյանքի գնով։

Այս օրերին ԱԱԾ-ն երկու ուշագրավ հաղորդագրություն հրապարակեց։ Դրանցից մեկը վերաբերում է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքին, մյուսը՝ լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացիների բերման ենթարկելուն։ Պատերազմի այս թեժ շրջանում այս լուրերը էմոցիոնալ դաշտում, անշուշտ, մեծ ազդեցություն ունեցան մեզ վրա, սակայն նաև մտորելու տեղիք են տալիս։ Հարց է առաջանում, թե արդյոք այս դեպքերը կբացահայտվեի՞ն ոչ պատերազմական իրավիճակում, թե պատերազմը ստիպեց մեզ ուշադիր լինել շուրջբոլորը։ Արդյոք մինչ պատերազմը՝ պայմանական խաղաղության ժամանակ ԱԱԾ-ն հետևողական և գործուն պայքար է մղել արտաքին և ներքին լրտեսների դեմ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, քանի՞ դեպք է բացահայտվել։ Միթե մեր երկրում ընդամենը այս երկու դեպքերն են ազգային անվտանգությանը սպառնացող, վստահաբար՝ ոչ, շուրջբոլորը կլինեն ներքին եւ արտաքին լրտեսներ, որոնք դեռ բռնված չեն, սակայն այս ընթացքում ինչքան վնաս են հասցնում մեր երկրի անվտանգությանը։

Ըստ էության՝ ոչ թե պետք է ԱԱԾ-ին զբաղեցնել ընդդիմադիրներին հետևելու, ընդդիմախոսներին ճնշելու, լրատվամիջոցների ներկայացուցիչներին գաղտնալսելու, տնտեսական հանցագործություններ բացահայտելու գործով, այլ նրանք բացառապես պետք է զբաղվեն ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։

Ընդ որում՝ մինչ պատերազմի հաղթական ավարտից հետո ռազմավարության մշակմանը և նոր մեխանիզմների ներդրմանը՝ առնվազն այսօր կարելի է ինչ-որ կերպ զբաղվել Արցախում գտնվող արտասահմանյան լրատվամիջոցների այն ներկայացուցիչների աշխատանքով, ովքեր զբաղված են հակահայկական քարոզչությամբ, թշնամու ջրաղացին ջուր լցնելով։ Ընդ որում՝ եթե նրանց գործունեությունը չիմացության արդյունք է, անհապաղ պետք է լրացնել բացը՝ ներկայացնել, պատմել, ցույց տալ, բայց եթե արտասահմանցի մեր գործընկերները, լինելով կրակի տակ, ծառայում են թշնամու և նրա համախոհների քաղաքական շահերին, նկրտումներին, ապա կարելի է առանց ավելորդ պոլիտկոռեկտության վռնդել նրանց Արցախից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular