ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք ՆԱՏՕ-ն չի վերանայի իր գործընկերների ցանկը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմը հստակ տեղեկությունների է տիրաապետում, որ Թուրքիան ահաբեկիչներ է մատակարարում Ադրբեջան` հայկական բանակի դեմ կռվելու համար: Այս մասին բազմիցս պաշտոնական հայտարարություններ են հնչել: Ահաբեկիչների մասին տեղեկություններ ունեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները: Եվ, հավանաբար, այդ է պատճառը, որ ՄԻԵԴ-ը արդեն երկրորդ անգամ Հայաստանի դիմումի հիման վրա որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու մասին: Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը համոզված է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները պետք է կանգնեն միջազգային դատարանի առջև: Նրա խոսքով՝ հակառակորդը, փաստացի, հրետակոծում է հայկական բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները, ինչը ռազմական հանցագործություն է:

«Դա տակտիկա է և ռազմավարություն, դա նրանց մտածելակերպն է ու հոգեբանությունը: Նրանք վայրկյան իսկ չեն վարանում հարձակվելու խաղաղ բնակիչների, դպրոցների ու մանկապարտեզների վրա, որը չի ստացվի: Եվ ինչքան շատ են փորձում վնասել խաղաղ բնակիչներին, այնքան կոշտ պատասխան են ստանալու»,- ասաց Դ. Բաբայանը:

Արցախի նախագահի խորհրդականի խոսքով՝ այն, ինչ անում են այսօր Ալիևն ու Էրդողանը հանցագործություն է և մեծ վնաս է հասցնում բանակցային գործընթացին:

«Նման հանցագործությունների համար նրանք պետք է պատժվեն: Ցանկալի է, որ կանգնեն միջազգային դատարանի առջև: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիրը համագործակցում է ահաբեկիչների հետ, իր գործընկերներին շրջանցելով ահաբեկիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, ագրեսիվ պատերազմ սկսում և սպառնալիքի տակ դնում ողջ աշխարհին, ապա դա նախադրյալներ է ստեղծում երրորդ համաշխարհային պատերազմի համար»,-եզրափակեց Դ. Բաբայանը:

Արդեն իսկ Թուրքիայի նկրտումները կանխելու փորձեր, կարծես, արվում են, բայց արդյո՞ք այս ամենը հիմք չէ ՆԱՏՕ-ի համար՝ վերանայելու իր գործընկերների ցանկը: Առավել ևս, երբ Թուրքիան մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ անբարեխիղճ գործընկեր լինելուց բացի, Հյուսիսատլանտյան դաշինքի գործոնն օգտագործում է կայսերապաշտական իր նկրտումները կյանքի կոչելու և աշխարհաքաղաքական խառնաշփոթ առաջացնելու համար: Եվ այդ ամենը, իսկապես, ոչ միայն տարածքային անվտանգության հարց է, այլև կարող է շատ արագ վերաճել համաշխարհային աղետի, ինչը պետք է հաշվի առնեն բոլորը:

Կարինե Եսայան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular