ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեոպոլիտիկ «ռակիրովկաներ»․ ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանի ապակայունությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին հարավկոկասյան ողջ տարածաշրջանում ընթանում են բավական ծավալուն ու թեժ մարտեր, որոնք ուղեկցվում են փոփոխակի հաջողություններով։ Դա գլխավորապես արտացոլվում է մեր տարածաշրջանում Թուրքիայի գերակտիվացմամբ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելի ՊՆ նախարար Բենի Գանցը քննադատել է Թուրքիային՝ ռեգիոնալ կայունությանը սպառնալիք ստեղծելու համար: Իրականում, սակայն, պետք չէ շտապել եզրակացնել, թե Իսրայելը ուշքի է գալիս կովկասյան ռեգիոնում պատերազմի հրաձիգի իր կարգավիճակից: Իսրայելի ՊՆ ղեկավարի խոսքը վերաբերում է մերձավորարևելյան ռեգիոնին: Նա նշել է, որ Թուրքիան, քննադատելով արաբ-իսրայելական հարաբերության կարգավորման գործընթացը, կապեր պահելով ՀԱՄՄԱՍ-ի հետ, միջամտելով Լիբիայում, ռեգիոնը հեռացնում է կայունությունից: Ըստ ամենայնի՝ հենց այդ նպատակով էլ Իսրայելը փորձում է ապակայունությունը հեռացնել Կովկաս՝ այստեղ Ադրբեջանի միջոցով Թուրքիայի սանձազերծած ահաբեկչական պատերազմի պայմաններում բարեխղճորեն և սառնասրտորեն շարունակելով մահաբեր սպառազինության մատակարարումները Բաքու:

Եթե Թուրքիան պատերազմում է Կովկասում, ապա դա նշանակում է, որ նվազում է Իսրայելի քթի տակ պատերազմելու հավանականությունը: Միաժամանակ, Իսրայելի համար աճում է Թուրքիայի վրա եղած բացահայտ պատասխանատվությամբ սանձազերծված պատերազմի պայմաններում Իրանի և Ռուսաստանի «քթի տակ» ավելի հարմար սողոսկելու և տեղավորվելու հնարավորությունը: Եթե Ադրբեջանն ու Ալիևը դարձել են գործիք Էրդողանի համար, ապա Էրդողանը, թերևս, Իսրայելի գործիք դառնալու ճանապարհին է, և անգամ դրա ավելի քան կեսին: Փաստացի Էրդողանը ծրագրում է աշխարհի վրա հնարավորինս թանկ վաճառել Ալիևին, իսկ Իսրայելն իր հերթին՝ աշխարհի վրա հնարավորինս թանկ վաճառել Էրդողանին: Երուսաղեմի թուրքական քաղաք լինելու մասին Ռեջեփի հոխորտանքն այդ հանգամանքի գիտակցումն է անշուշտ: Բայց մի բան է գիտակցելը, մեկ այլ բան՝ հետևությունը՝ ի՞նչ անել «չվաճառվելու» համար:

Էրդողանը կարող է միայն հոխորտալ Թել Ավիվի վրա, ոչինչ ավելին: Փոխարենը, Իսրայելին հաջողվեց Թուրքիային մերձավորարևելյան և միջերկրածովյան ռեգիոններից տեղափոխել Կովկաս՝ իր ահաբեկչական պոտենցիալով: Ճահիճ, որտեղ, խոշոր հաշվով, նույնիսկ դա ստեղծող Թուրքիային չի շողում որևէ հեռանկար: Թուրքիայի համար այդ ճահճացումը լինելու է ինքնաոչնչացում, պարզապես Իսրայելն այդ գործը փորձում է անել՝ հնարավորինս հեռացնելով իր սահմանից, իրենից հեռացնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական «պայթեցումը»: Այստեղ առանձնահատուկ ցավով պետք է փաստել, որ այս ամենն արվում է հայ զինվորների կյանքերի հաշվին, որոնք կենաց-մահու կռիվ են տալիս՝ Կովկասն ահաբեկչական ճահճի վերածելու հեռանկարից փրկելու համար: 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular