ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը շախմատի կովկասյան տախտակի վրա «շախ ու մատ» արեց Էրդողանին. Asia Times

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։  Ըստ երևույթին՝ մեկ գիշերում նախկին Խորհրդային երկու հանրապետությունների բարձրաստիճան դիվանագետներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փաստը բառացիորեն «շախ ու մատ» է Թուրքիային, գրում է Asia Times-ը։

Ինչպես նկատում է հոդվածագիրը, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով «Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր էսկալացիան»։

«Սակայն, որպես հարձակվող, Ադրբեջանը կրակի դադարեցման պահանջից հրաժարվելու հարցում միայնակ չէր։ Ավելի շուտ, հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ավելի կատաղի խոչընդոտ և ռազմական գործողությունների դադարեցման ցանկացած առաջարկի հակառակորդ։ Թուրքիայի նախագահի համար Ադրբեջանին ցուցաբերվող դիվանագիտական լիակատար աջակցությունն ու ուղղակի ռազմական աջակցությունը բխում են Թուրքիայի ավանդական դերից՝ որպես Ադրբեջանի հովանավոր պետություն։ Անկարան, վերջին տարիներին զիջելով այդ դերը Մոսկվային, այժմ մտադիր է վերականգնել կորցրած համբավը»,- ընդգծում է հոդվածագիրը։

Հոդվածագրի խոսքով՝ «Թուրքիայի ռազմական օգնությունն Ադրբեջանին արագորեն մոտենում է կարմիր գծին, որը նրան դնում է Ռուսաստանի հետ բախման հստակ սահմանի վրա և Լեռնային Ղարադաբի հակամարտությունում ներգրավվածությունը Թուրքիայի համար կարող է ռիսկային լինել»։

«Հրադադարի մասին Պուտինի պահանջը վրա է հասնում վճռական պահի։ Իր սրընթաց քայլով Ռուսաստանի առաջնորդը վերածվեց Կովկասի գրոսմայստերի՝ դիվանագիտորեն մեկուսացնելով իր թուրք մրցակցին»,- գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ «թեև որքան էլ տպավորիչ լինի ռուսական քայլը, ո՛չ առաջին իսկ հնարավորության դեպքում ռազմական գործողությունների վերսկսման ադրբեջանական սպառնալիքը, ո՛չ էլ դիմակայության հաջորդ փուլում ռևանշի թուրքական ծարավը չեն նվազի»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular