ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը միջամտեց, երբ ակնհայտ երևաց, որ Հայաստանն առանց երրորդ երկրի դիմագրավելու է այս ծանրագույն պատերազմին. Հրանուշ Խառատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առայժմ 72 ժամ դադարի միջանցք կա հումանիտար քայլեր ձեռնարկելու համար: Եթե այդ ընթացքում լինեն որոշակի պայմանավորվածություններ և հայտարարություններ, ապա կկարողանանք որևէ վերլուծություն անել հետագա քայլերի մասին, 1or.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանը:

Նրա կարծիքով, սակայն, այս ամենն այն նվազագույնն էր, որը անհրաժեշտ էր դիակների և այլ գործողությունների իրականացման համար, քանի որ այս եղանակին մարտի դաշտում դիակները երկար ժամանակ թողնելը ևս մեկ անգամ ցույց տվեց թուրքական կողմի հանցագործության մեկ այլ տեսակի մասին: Խոսելով հրադադարի ու առհասարակ Արցախի հարցում Ռուսաստանի դերակատարության մասին՝ նա նշեց, որ նոր երևույթ չէ, երբ Ռուսաստանը մշտապես վարել է երկդիմի քաղաքականություն՝ սկսած դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից:

«Խնդիրը լուծելու փոխարեն, ի սկզբանե ժամանակավոր լուծումներ առաջարկելը և այն մեծացնելու գործողություններ իրականացնելը այդ մասին է խոսում: Ու, թեև արցախյան կոնֆլիկտի առաջին զինադադարի և պայմանագրի ստորագրման ժամանակ Ռուսաստանը ևս շատ էական դեր խաղաց, բայց դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր այդքան ակտիվ դերակատարում չուներ և ներգրավված չէր կոնֆլիկտի կարգավորման հարցում: Հետագայում, իհարկե, ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, որտեղ Ռուսաստանը կրկին ակտիվ դերակատար էր և սկզբունքորեն միշտ հանդես էր գալիս որպես առանձին միավոր, ոչ թե երեքից մեկը: Դա սկզբունքորեն հասկանալի է, որ պայմանավորված է Կովկասյան տարածաշրջանում որպես առանցքային դերակատար լինելու հանգամանքով»,- ասաց Հ. Խառատյանը:

Նրա կարծիքով, սակայն, այն ինչ տեղի ունեցավ երեկ, Ռուսաստանի կողմից շատ ուշացած քայլ էր, քանի որ պատերազմը սկսվեց Թուրքիայի ակնհայտ հրահրմամբ, խրախուսմամբ և դերակատարմամբ, բայց Ռուսաստանը հայտարարեց, որ իրենք կոնֆլիկտի երկու կողմերի հետ են բանակցում:

«Այսինքն, ստացվեց, որ Ռուսաստանը մի կողմից Հայաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ է բանակցում: Սրանով Ռուսատանն, ըստ էության, Թուրքիային փաստացի դարձրեց կամ ընդունեց որպես կոնֆլիկտի կողմ: Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներքին համագործակցությունը զգալի է, թե՛ անցած 13-օրյա ռազմական գործողությունների, և թե՛ փաստացի պատերազմի այս ընթացքում»,- ասաց Հ. Խառատյանը:

Ըստ նրա՝ այս ամենը դեռ երկար վերլուծության նյութ կհանդիասանա, և կարող են տարբեր վերլուծություններ ու դիրքորոշումներ լինել, բայց Թուրքիայի ակնհայտ մասնակցությունն արդեն իսկ ապացուցված է: Եվ հիմա, դժվար է ասել, թե արդյոք որևէ կապ կա Ռուսաստանի հումանիտար հրադադարի ընդունման կազմակերպման և Էրդողանի վերջին հայտարարությունների միջև:

«Այս փուլում վստահ չեմ, թե արդյոք Էրդողանի վերջին հայտարարությունները և պատերազմական գործողությունների ընթացքին Ռուսաստանի ուշացած միջամտությունը որոշակի ներքին համաձայնության հետևանք է, թե արդյունք, բայց որ նման տեսակետ կարող է գոյություն ունենալ՝ միանշանակ է: Կարծում եմ, որ Ռուսաստանը միջամտեց այն ժամանակ, երբ ակնհայտ երևաց, որ Հայաստանը միևնույն է, առանց երրորդ երկրի միջամտության այս ծանրագույն պատերազմին դիմագրավելու է: Տխուր է և ցավալի, որ այդքան ակտիվ դերակատարում ստանձնած, այդքան մեծ ու հզոր երկիրը այսքան ուշ փորձեց ինչ-որ կերպ ազդել դեպքերի ընթացքի վրա: Ի դեպ, ազդել ասվածը, դեռ պայմանական է, և դեռ չգիտենք, թե զինադադարի պայմանները որոնք են, և արդյոք այս դադարը միայն հումանիտար բնույթ է ունենալու, թե զինադադարի պայմաններում Ռուսաստանի միջամտության և ազդեցության շնորհիվ կարող են նաև կոնֆլիկտը կարգավորելու որոշ այլ նախադրյալներ լինել: Ես չեմ կարող այս պահին դա ասել, բայց այս փուլում դեռ այդպիսի հնարավորություն չի երևում: Ակնհայտ է, որ Ռուսաստանը միջամտեց նաև այն պատճառով, քանի որ մի շարք արտաքին խաղացողներ ևս որոշակիորեն բարձրաձայնեցին իրենց մտահոգությունների մասին: Այդուհանդերձ, այս պահին Թուրքիայի միջամտության մասին Ռուսաստանի կողմից որևէ հստակ դիրքորոշում չկա: Պետք է հաշվի առնել նաև, որ միանշանակ է, որ Ռուսաստանը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական առումներով շատ վճռորոշ դեր ունենալ: Ուստի պետք է սպասել և տեսնել, թե որոնք կլինեն հետագա քայլերը»,- ասաց Հ. Խառատյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular