ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկավոր է համախմբվել քարոզչական պատերազմում ևս՝ փայլուն արդյունք արձանագրելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քարոզչությունը, հակաքարոզչությունը ևս զենք է, որը պետք է գրագետ օգտագործել, սակայն կան դեպքեր, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Եթե մարտի դաշտում, ինչպես ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է ասում՝ 5-րդ սերնդի պատերազմ է ընթանում, ապա տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմը ևս առաջվանը չէ: Տեղեկատվական հարցերով փորձագետ Սամվեր Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը տեղեկատվական դաշտում փորձում է մարտավարությունը փոխել և ավելի շատ թիրախավորում են հասարակ մարդկանց: Դրանով, այս պահին փորձում են ընկճվածության զգացում առաջացնել Հայաստանի ներսում, որի ուղղությամբ օգտագործում են մի քանի հնարքներ:

«Մեկը, երբ փորձում են մեկնաբանություններ անել գրառումների տակ, նկարներ դնել, մյուսը՝ անձնական նամակների միջոցով են փորձում ընկճել հասարակությանը: Ամենաուշագրավն այն է, որ սկսել են օգտագործել հաղորդակցության վոթսափ, վայբեր հարթակները, որով հայկական համարից զանգեր են կատարում, հաղորդագրություններ ուղարկում: Կարծում եմ այդ հայկական համարները նախկինում ձեռք են բերել այստեղից, այդ հարթակները կցել են համարներին և հիմա դրսից օգտագործում են դրանք, որպեսզի ճնշվածության զգացում առաջացնեն երկրի ներսում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Ս. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով օրերս Ֆեյսբուք սոցիալական ցանցի տնօրինության կողմից ադրբեջանական մի քանի հազար ֆեյք էջերի և օգտահաշիվների փակմանը, փորձագետը կոչ արեց արտերկրում ապրող մեր հայրենակիցներին իրենք ևս ադրբեջանական էջերի դեմ բողոքներ ներկայացնեն, քանի որ դրսից ստացվող բողոքներն ավելի ազդեցիկ են:

«Խմբային բողոքների դեպքում նման ֆեյք օգտահաշիվների և էջերի արգելափակումն ավելի արդյունավետ է, բայց կարևոր է նաև յուրաքանչյուր անհատի կողմից ուղարկվող բողոքը՝ որպես ատելության և բռնություն տարածողի: Պետք չէ բանավիճել իրենց էջերի կամ օգտահաշիվների դաշտում, պարզապես հարկավոր է դրանք բողոքարկել ու վերջ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս նաև հայտնի մեդիահարթակների էջերում վեճի բռնվելու ժամանակ մեկնաբանությունը գրել ընդհանուր դաշտում, և ոչ մի դեպքում ադրբեջանական օգտահաշվի տակ որևէ մեկնաբանություն չանել, քանի որ դրանով կբարձրանա ադրբեջանական քարոզչամեքենայի դիտողականությունը: Ամփոփելով, նշենք, որ տեղեկատվական դաշտում մղվող պատերազմը պակաս կարևոր չէ և դրան կարող է միանալ ցանկացած անհատ, առավել ևս դրսում ապրող մեր հայրենակիցները, որպեսզի թույլ չտանք, որ թուրք-ադրբեջանական նենգ քարոզչությունը ներխուշի հայկական տիրույթ և վնաս պատճառի մեր հասարակությանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular