«Հայտարարությունները հակաահաբեկչական գործողությունների և ինչ-ինչ պատժամիջոցների հիմք կարող են դառնալ». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան՝ ահաբեկչական խմբավորումների կողմից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայտարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին: Անդրադառնալով նմանաբնույթ հայտարարություններին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Այստեղ պետք է հստակեցնել, թե մասնավորապես նշված երկու երկրներն ի՞նչ են հասկանում ահաբեկիչներ հասկացության տակ: Ինչոր տեղ կա հերթապահ հայտարարություն, որն ունի կիրառական նշանակություն: Այսինքն, գուցե ապագայի համար ինչ-որ հիմքեր են ստեղծում:
Սովորաբար, սկզբից լինում են հայտարարություններ, օրինակ՝ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին: Հետո, երբ այդ ահաբեկիչների դեմ ինչ-որ գործողություններ իրականացնելու առումով պատեհ առիթ է ստեղծվում կամ իրավիճակն է այդպես թելադրում, այդ հայտարարությունները հիմք են հանդիսանում ինչ-որ գործողություններ սկսելու համար: Այնուամենայնիվ, խմբավորումների հստակ անուններ չեն տրվում, ահաբեկչության վտանգի մասին լղոզված է խոսվում:
Ի տարբերութուն ՌԴ-ի, Ֆրանսիայի, վերոնշյալ երկրների պարագայում ամեն ինչ մի քիչ լղոզված էր: Բայց չեմ բացառում, որ հետագայում, զարգացումների այս կամ այն սցենարի պարագայում, դա կարող է հիմք հանդիսանալ հակաահաբեկչական գործողությունների համար, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Թեպետ հայտարարությունները լղոզված են, բայց ապագայում հակաահաբեկչական գործողություններ անելու, ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառելու հիմք կարող են դառնալ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում