ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր տղեր­քը կռվում են Ար­ցա­խը պա­հե­լու ու պահ­պա­նե­լու հա­մար, իսկ ահա­բե­կիչ­նե­րը գի­շատ­չա­կան վարք են դրսևո­րում». ԳՄ նա­խա­գահ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է՝ այս օրերին Արցախում տեղի ունեցող պատերազմը մեր միասնական պայքարն է։ «Սա ամբողջ հայության գերխնդիրն է։ Մենք, բայց հատկապես Սփյուռքը, քաղաքական գործիք պետք է լինենք։ Վաշինգտոնում, Լոնդոնում, Փարիզում և աշխարհի տարբեր ծայրերում հայերը ոտքի են կանգնել և Թուրքիային ու Էրդողանին տեռորիստ են անվանում, ընդգծում են, որ Արցախի վրա հարձակվել են Ադրբեջանը, Թուրքիան և վարձկանները։ Այս ամենը պետք է իսկապես գործիք դառնա այդ երկրների ղեկավարների, իշխանությունների, նրանց քաղաքականության վրա ազդելու համար։

Մենք այդ ուղղությամբ պետք է գնանք։ Արցախն իր բնույթով կռվող, պաշտպանվող, իր իրավունքները հաստատող հայ ժողովրդի մի հատվածն է եղել ու կա։ Եվ այդպես պահպանվել է որպես ամրոց։ Այսօր հայությունն Արցախում հերոսաբար պայքարում է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Միլիտոնյանը։ Նա նշում է, որ շատ հաճախ մեր հասարակության ներսում ահելների ու ջահելների մասին խոսակցությունների ժամանակ մեծահասակներն ասում են՝ մեր ժամանակներում ամեն ինչ ուրիշ էր, ջահելներն ուրիշ էին։ «Այսօր մարտի դաշտում մենք տեսնում ենք շատ կիրթ ու պատրաստված երիտասարդների։

Հատկապես զենքին տիրապետելը կրթության որակ է նշանակում, հրթիռահրետանային ճշգրիտ հարվածների հիմքում պետք է լինի գիտելիքը։ Այսօր տեսնում ենք, որ մեր տղերքը դա փառքով իրականացնում են։ Սա նոր որակի պատերազմ է և, բնական է, որ նոր որակի մարդիկ են պահանջվում։ Փառք տանք հերոսներին։ Ինչպես թիթեռներն են դեպի լույսը գնում, այնպես էլ մեր տղերքն են կռվում՝ պահելու ու պահպանելու Արցախը։ Պետք է ամուր լինենք, լուծենք այս խնդիրն այնպես, ինչպես կցանկանա Արցախի ժողովուրդը»,-նշում է մեր զրուցակիցը։

Այս օրերին հակառակորդը դիտմամբ թիրախավորում է մեր պատմական, մշակութային կոթողները, գերեզմանները, քաղաքացիական բնակավայրերը ուղղակի մարդկանց չսպիացող ցավ պատճառելու համար։ Նա հստակ գիտի, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելով՝ հարվածում է յուրաքանչյուր հայի։ Սրան զուգահեռ հայ մարդն ասում է՝ դուք քանդեցինք, մենք կկառուցենք, ավաղ, միայն զոհված տղաներին չենք կարողանա վերադարձնել։ Միլիտոնյանը ևս եկեղեցուն հասցված հարվածները պատահական չի համարում։ Ասում է՝ անցած շաբաթ օրն Օշականում նշել են Թարգմանչաց տոնը։

«Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ խոնարհեցինք։ Սա խորհրդանշական օր էր: 1500 տարուց ավելի մեր ժողովուրդը թարգմանել է այլ ժողովուրդների արժեքավոր գործերը, նրանք էլ մերը: Առաջինը եղել է Աստվածաշունչը։ Գաղտնիք չէ, որ ժողովուրդներն իրար պետք է ճանաչեն մշակույթով, իմաստասիրությամբ, ոչ թե կռիվ անելու հմտություններով։ Ի՞նչ էր նշանակում Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը։ Իրաքում Իսլամական պետության զինյալները ջարդուփշուր էին արել դեռևս բաբելոնյան ժամանակաշրջանի արձաններ, Սիրիայում Պալմիրա քաղաքի հրաշք կոթողներն ավերեցին։

Իհարկե, հետո Գերգիևի գլխավորությամբ սիմֆոնիկ համերգ կազմակերպվեց Պալմիրայի ավերակներում՝ հաստատելու, որ ժողովուրդների մեջ մշակույթն ամենաբարձր երևույթներից է։ Հետո նորից ռմբակոծեցին Պալմիրան։ Այսինքն՝ վարձկանները մի նպատակ ունեն՝ ջնջել մարդկանց, մշակույթը. գիշատչական վարք են դրսևորում։ Ցավոք, աշխարհում կան երկրներ, որոնք աչք են փակում սրա վրա, իսկ նրանք ոգևորվում են։ Ինչպե՞ս ավերեցին խաչքարերը Նախիջևանում, չէ՞ որ այդ կերպ նաև մշակույթն ավերեցին։ Դա է իրենց վարքն ու բարքը։ Այո՛, այսօր պայքարը պետք է գնա ահաբեկչության բանաձևով։

Նրանք ահաբեկչություն են տարածում մարդկանց մշակույթի, մտածելու դեմ, ամենի դեմ, որտեղ կա մարդասիրություն, բարություն, խելք, շնորհք։ Այն երկրները, որոնք այսօր զենք են վաճառում Ադրբեջանին և Թուրքիային, հատկապես Իսրայելը, որը ցեղասպանություն ապրած ժողովրդի պետություն է, պետք է բարոյականություն հանդես բերեն և վերջ տան զենքի վաճառքին։ Չէ որ այսօր նրանք ուղղակի կվարկաբեկվեն։ Իրենց բարոյական նկարագիրը կբարձրանա, եթե սաստեն Թուրքիային, ինչպես տարբեր հարցերում են սաստում։

Միթե չեն կարողանալու սանձարձակ, լպիրշացած ահաբեկիչ մի պետության թևերը կռնել»,-ընդգծում է գրողների միության նախագահը: Հավելում է՝ բոլոր երկրները պետք է հաշվի առնեն, որ այս արհավիրքը վաղը կարող է նաև իրենց պատահել: « Իսրայելը, Ռուսաստանը, Անգլիան, ԱՄՆ-ն և մյուսները խորհելու շատ հարցեր ունեն, որովհետև «այս ուղտը չոքելու է նաև իրենց դռանը», եթե արդեն իսկ չի չոքել, ինչպես եվրոպական շատ երկրներում։ Որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած, դարերի ընթացքում մշակույթ ստեղծած պետություն՝ ահազանգում ենք աշխարհին՝ երիտասարդ տղաներ են զոհվում, Արցախում նաև աշխարհի ճակատագրի հարցն է լուծվում։

Չեմ ուզում առաքելական այդ ծրագիրը միայն մեր վրա վերցնենք, այդ ծրագիրը բոլորն իրենց վրա պետք է կրեն։ Մենք առաջին հերթին պահպանում ենք մեզ, մեր տեսակը, մեր մտածողությունը։ Մեր վարքով ու արարքներով աշխարհի շատ երկրներին ասում ենք՝ այս հարցը ձեզ էլ պետք է մտահոգի։ Փառք մեր հերոսներին, մեր ժողովրդին, սփյուռքին։ Յուրաքանչյուրն իր տեղում է։ Այս պայքարը մեկօրյա չէ, պետք է մշտապես պատրաստ լինենք դիմակայելու, մեր «եսը», մեր կերպը պաշտպանելու համար»,-եզրափակում է Էդվարդ Միլիտոնյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular