ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական «գամբիտ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է՝ ԵՄ արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, թե ԵՄ-ն ինչպես կարող է ազդել իրավիճակի կարգավորման հարցում: Եթե ավելի անկեղծ՝ խոշոր հաշվով, ԵՄ արտգործնախարարների քննարկումը վերաբերում է ԵՄ ճակատագրին, ոչ թե արցախյան հարցին: Որովհետև միայն առերևույթ կարող է այդ հարցը թվալ ԵՄ ճակատագրից հեռու, իսկ գործնականում այն ուղիղ է կապված դրա հետ: Թուրքիան Կովկասի ապակայունացմամբ լուծում է նաև Եվրամիության խնդիրը՝ հեռացնելով Կովկասից, այլ կերպ ասած՝ իր թիկունքից: Ըստ այդմ՝ խնդիրը արցախյան հարցը չէ, այլ Կովկասում Եվրամիության գոյության հարցը: Եթե Բրյուսելը չկա այս իրավիճակում և չի գտնում Անկարայի սադրանքի վրա ազդելու հնարավորություն, ապա դա նշանակելու է, որ Եվրամիություն չկա Կովկասում:

Իսկ եթե Եվրամիությունը դուրս է մղվում Կովկասից, ապա Թուրքիան հաջորդիվ շատ ավելի ագրեսիվ է խոսելու ԵՄ-ի հետ առնչվող արդեն անմիջական հարցերում, ինչպիսին է, օրինակ, Միջերկրածովյան ռեգիոնի հանգամանքը: Ակնախ ամեն ինչից ակնհայտ է, որ այստեղ շատ բան կախված է լինելու ԵՄ առաջատար Գերմանիայից, թե ինչքանով կարող է Բեռլինը համախմբել կառույցն ու գործի դնել դրա քաղաքական ներուժը Կովկասում` թուրքական պատերազմը կանգնեցնելու և այդպիսով Եվրամիության զսպող ներկայությունը պահպանելու գործում:

Հատկանշական է, որ նախօրեին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետի և Գերմանիայի կանցլերի հեռախոսազրույցը, որը երկրորդն է պատերազմից ի վեր: Կասկած չկա, որ Երևանը հենց ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ փորձել է շոշափել ԵՄ դերի առանցքայնությունը: Ի դեպ, այս տեսանկյունից թերևս հարկ է նկատել առանցքային մի հանգամանք էլ: Անցնող տարիների ընթացքում բազմաթիվ անգամ խոսվել է այն մասին, որ Եվրամիությունը պետք է մեծացնի իր դերակատարումը արցախյան գոտում, պետք է հաղորդակցության ուղիներ ձևավորի Արցախի հետ՝ մարդասիրական գործոնի հենքի վրա, ինչը թույլ կտար էապես բարձրացնել քաղաքական ազդեցությունը ռեգիոնում, ամրացնել այն և այդպիսով գուցե առանցքային նշանակություն ձեռք բերել ռեգիոնալ կայունության ու անվտանգության համատեքստում: ԵՄ-ն, սակայն, տարիներ շարունակ գործնականում անտեսել և արհամարհել է այդ կոչերը, իսկ հիմա կանգնել փաստի, այդ թվում՝ իր համար վտանգավոր փաստի առաջ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular