ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարդ դիլեմա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Արցախի խորհրդարանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին և Իրանին ստեղծել հակաահաբեկչական կենտրոն, Ադրբեջան ահաբեկիչ վարձկանների ներգրավման դեմ պայքարի և ռեգիոնն ահաբեկչական խմբավորումների որջի վերածելու թուրքական քայլերի դեմ: Իրականում, եթե հարցին նայենք ավելի ռեալ տեսանկյունից՝ ակնհայտ է, որ հավանականությունը քիչ է, որ Արցախի խորհրդարանի կոչն արձագանք գտնի Ռուսաստանում և Իրանում, որտեղ Արցախը ճանաչված պետություն չէ: Մյուս կողմից, սակայն, Իրանն ու Ռուսաստանը փաստացի ճանաչել են, որ Ադրբեջանն է վերածվում ահաբեկչական ճամբարի: Ավելին՝ Ռուսաստանը դա արձանագրել է արտաքին հետախուզության ծառայության պետի (Սերգեյ Նարիշկինի) մակարդակով, որը խոսել է հստակ տվյալների առկայության մասին:

Իրականում ահաբեկչական վտանգի անթույլատրելիության մասին խոսել է նաև պաշտոնական Թեհրանը: Լրատվականներում տարբեր առիթներով քանիցս նշվել է, որ այս օրերին ահաբեկիչները փաստացի են կռվում Արցախի դեմ, սակայն դրանց ներկրման ռազմավարական նպատակը Իրանի և Ռուսաստանի դեմ վաղվա կռիվն է, որ պատրաստում է Թուրքիան: Ըստ այդմ, Իրանն ու Ռուսաստանը կարող են ամենևին չարձագանքել Արցախի խորհրդարանի կոչին, և պետք էլ չէ ուղիղ որևէ արձագանք: Բայց կարո՞ղ են չարձագանքել ահաբեկչական վտանգին, որ ուղիղ իմաստով այլևս առկա է ռեգիոնում: Այստեղ է հարցը, և Արցախի խորհրդարանի ու նաև ընդհանրապես այս օրերին պաշտոնական Երևանի մակարդակով անգամ հնչող ահազանգերին չարձագանքելը կլինի ուղղակի տարօրինակ:

Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ հենց այդ առումով է նաև, որ արմատապես փոխվում է Արցախի ինքնորոշման հարցի էությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային քաղաքականության ու իրողությունների համատեքստում: Փաստացի չեն կարող համատեղելի լինել Ադրբեջան պետություն և միջազգային ահաբեկություն հասկացությունները: Ըստ այդմ՝ հնարավոր չէ մի կողմից արձանագրել, որ դե յուրե այդպիսի պետության տարածքում տեղակայվում են ահաբեկիչներ, մյուս կողմից՝ այդ պետությունը դիտարկել գործընկեր կամ հարաբերության սուբյեկտ: Միանշանակ է, որ այս հարցում անհրաժեշտ է մտցնել պարզեցում, որպեսզի հասկանալի լինի ի վերջո՝ Ադրբեջա՞ն, թե՞ ահաբեկիչ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular