ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հադրութը գտնվում է մեր ՊԲ-ի հսկողության տակ և եթե Ալիևը գնա բանակցությունների ճանապարհով ապա իր սուտը կբացահայտվի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն է։

—Պարոն Համբարձումյան, Ադրբեջանը շարունակաբար խախտում է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը։ Այս դեպքում ի՞նչ կարելի է սպասել Ռուսաստանից։ Ու առհասարակ այս գործընթացը ի՞նչ է ցույց տալիս և իրականում ի՞նչ է կատարվում։

— Անկեղծ ասած այդ հրադադարից ես ոչինչ չեմ ակնկալում, որովհետև հենց պայմանավորվածությունից 5 րոպե հետո արդեն Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը, օգտագործելով ծանր հրետանի։ Ինչ վերաբերում է ռուսական կողմի միջամտելուն կարծում եմ, որ նրանք շատ ավելի շուտ կարող էին միջամտել և զսպել ադրբեջանական կողմին, որ ամեն ինչ այսքան չխորանար, բայց փաստացի արդեն 15-16 օր է ինչ պատերազմում ենք և ռուսական կողմը որևէ լուրջ քայլ չի արել հակամարտությունը կանխելու համար։ Իմ կարծիքով դեռ լուրջ որևէ փոփոխություն չի լինելու և ադրբեջանական կողմը շարունակելու է ռմբակոծությունը։ Այստեղ կա մի կարևոր նրբություն, որը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ բանակցությունները օգուտ չեն տալու։ Ադրբեջանի նախագահը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Հադրութը գտնվում է իրենց վերահսկողության ներքո, սակայն իրականում Հադրութը գտնվում է մեր ՊԲ-ի հսկողության տակ և եթե Ալիևը գնա բանակցությունների ճանապարհով, ապա իր այդ սուտը կբացահայտվի, ինչը կստիպի ադրբեջանցիներին գնալ իշխանափոխության։ Այստեղ արդեն առաջանում է այլ հարց. Ալիևի համար այս պահին Արցախը մի կողմում է և կարևորը իր համար Հադրութի գրավումն է։ Եվ իրենց իշխանությունների հետագա գործունեությունը կախված է Հադրութից և ուզեն թե չուզեն հրադադարը խախտելու են։ Հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի մեծաթիվ կորուստները և տեխնիկայի, և մարդկային առումով, արդեն Ալիևի համար պատվի խնդիր է դառնում Հադրութի գրավումը և հրադադարի հետ որևէ հույս կապելն անիմաստ է։

—Երեկ տեղեկություն ստացվեց, որ հայկական ուժերը Սու-25 են խոցել։ Չնայած հրադադարի պայմանավորվածությանը՝ մարտերը կարծեք թե նույն ինտենսիվությամբ շարունակվում են։ Սա մտահոգիչ չէ՞։

— Մտահոգիչ է միանշանակ։ Երեկ և այսօր հատկապես աննախադեպ ուժով են հարձակվել և ադրբեջանական կողմը նաև հնարավորություն ստացավ թիկունքից նոր ուժեր բերելու և, բնականաբար, նոր ուժեր բերելուց հետո նաև ադրբեջանական կողմը գնալու է գործողությունների սրացման։ Եվ իմ պատկերացմամբ այս պահին ավելի լարված մարտեր են ընթանում, քան մի քանի օր առաջ։ Քանի որ ադրբեջանական կողմը օգտագործում է օպերատիվ մարտավարական ռեակտիվ կայանքները, որոնք օրգագործում են չինական A200 հրթիռները, որոնք մոտ 200կմ-ի վրա թիրախը խոցում են 35մ ճշգրտությամբ, պոլոնեզը՝ միաժամանակ խոցում է 8 թիրախ տարբեր հեռավորությունների և բարձրությունների վրա և իրենց մարտագլխիկները կառավարվում են GPS-ով, բացի դրանից օգտագործում են նաև Լորա օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ, որը իսրաելական մարտավարական օպերատիվ համակարգ է և համարվում է ռուսական Իսկանդեր զինատեսակի հակակշիռը, որը ունի 300կմ հեռահարություն, ունի երկու տիպի մարտագլխիկ՝ վերգետնյա և ստորգետնյա թիրախները խոցելու համար, որոնք կարող են թիրախավորել նաև ապաստարանները։ Օգտագործում են սմերչներ՝ երեք տիպի ռեակտիվ արկերով՝ 70կմ, 90կմ և 120կմ հեռահարության, ընդ որում, նաև կիրառում են կասետային մարտագլխիկներ, որոնց միջոցով կարող են 672 հազար քառակուսի մետրի վրա ավերածություն իրականացնի։ Բացի այդ այս պահին կիրառում են նաև իսրաելական Լինքս ռեակտիվ համազարկային կայանքները, որը ունի մի քանի տիպի հրթիռներ և կարող է միաժամանակ կիրառել 4 հատ օպերատիվ մարտավարական հրթիռ, որոնք ունեն 300կմ հեռահարություն և 10մ ճշգրտություն։ Եվ այս փոքր տարածաշրջանի համար այս զինատեսակները բավականին հզոր են։ Նաև շատ ինտենսիվ օգտագործում են անօդաչու թռչող սարքերը և այս մարտերը այնքան ինտենսիվ են, որ հրադադարի մասին խոսք անգամ գնալ չի կարող։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular