ՍԴ «ճգնաժամի» ոդիսականը և միջանկյալ լուծումը․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանում դատական համակարգի շուրջ էական զարգացումներ են տեղի ունենում։ Հատկապես ուշագրավ են սահմանադրական արդարադատությունն իրականացնող բարձրագույն մարմնի՝ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները։ Տևական ժամանակ ՍԴ-ն ինքնուրույն կերպով կատարում էր իր առօրյա աշխատանքը, բայց դատարանի անկախությունը դիտվեց որպես մարտահրավեր և հորինվեց դատարանում ճգնաժամի առկայության մասին պատմությունը։
Եվ այս առումով ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը ժամանակին մեծ դերակատարություն ստանձնեց։ Խնդիր դրվեց, որ պետք է ունենալ «նոր» դատարան, իսկ դրա համար պետք էր փոխել դատարանի կազմը և առաջին հերթին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Նախ՝ փորձ կատարվեց ՍԴ դատավորներին առանց ավելորդ գլխացավանքի ուղարկել թոշակի։ Այդպես ի հայտ եկավ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որից ոչ ոք այդպես էլ չօգտվեց` չնայած բավական գայթակղիչ պայմաններին:
Օրենքով սահմանված ժամկետներում հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում լրիվությամբ պահպանվում էին ՍԴ անդամի աշխատավարձը և մյուս բոլոր արտոնությունները` ներառյալ բարձր թոշակի երաշխիքը: Այս օրենքի նախաձեռնությունը որևէ արդյունք չունեցավ, քանի որ սա նաև երկար տարիներ պաշտոնավարող դատավորների հեղինակության հարց էր։ Տեսնելով, որ առաջարկը ըստ էության չի աշխատում, գործի դրվեց արհեստականորեն հորինված ճգնաժամի հանգուցալուծման մյուս տարբերակը։
ՍԴ-ում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով նախաձեռնվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Արդեն իսկ քարոզարշավ էր տեղի ունենում, և քիչ էր մնացել հանրաքվեին, երբ վրա հասավ կորոնավիրուսային ճգնաժամը։ Արդյունքում ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգվեց, ապա չեղարկվեց։ Հանրությունն այդպես էլ հնարավորություն չունեցավ իր կարծիքն արտահայտել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ապա գործի դրվեց սահմանադրական փոփոխությունները ԱԺ-ի միջոցով անցկացնելու տարբերակը, որն իրականություն դարձավ հունիսի 22-ին ԱԺ-ում հրատապ ռեժիմով ու ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պայմաններում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմամբ:
ՍԴ 3 դատավորներ հարկադրաբար ուղարկվեցին թոշակի, և այդ պահից ՍԴ-ում սկսվեց իրական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ տևական ժամանակ ՍԴ-ի աշխատանքը պարալիզացված էր, նիստերը չէին կայանում, քանի որ հնարավոր չէր լինում քվորում ապահովել։ Դրան գումարած՝ թոշակի ուղարկված դատավորները դիմեցին ՄԻԵԴ իրենց իրավունքների վերականգնմանը հասնելու նպատակով։ Այս պարագայում, որպեսզի ՍԴ-ն աշխատի, մնում էր նոր դատավորներ ընտրել, բայց ԱԺ-ին չէր հաջողվում սահուն անցկացնել ընտրությունը։ Խնդիրն այն է, որ դատավորների թեկնածուները կապվում էին նախկինների հետ և այլն։
Բայց ամենակարևորը ՍԴ նախագահի ընտրության հարցն է, որի ուղղությամբ այսքան ժամանակ «տանջվում» էին իշխանությունները, որպեսզի Հրայր Թովմասյանը հեռանա։ Ուստի ՍԴ նախագահի ընտրության հարցը աստիճանաբար ավելի հրատապ նշանակություն էր ստանում։ Եվ ահա, օրերս 6 կողմ ձայնով դատավոր ընտրվեց Արմեն Դիլանյանը, որի ընտրությունը ավելի շատ միջանկյալ լուծում է այն իմաստով, որ վերջինս սկզբունքորեն չի կապվում նախկինների հետ, ինչը շահարկում էր Խունդկարյանի պարագայում, իսկ մյուս կողմից էլ այնպիսի ցայտուն պրոիշխանական դատավոր էլ չէ, ինչպես, օրինակ՝ Վահե Գրիգորյանն է։ Ինչ-որ իմաստով այս հանգամանքը գուցե թույլ կտա ՍԴ-ին դուրս գալ կաշկանդված վիճակից, բայց գլխավոր խնդիրը մնում է այն, որ դատարանը գործի կողմնակի ազդեցություններից անկախ և չքաղաքականացվի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում