ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն ինչ ուղղ­ված է իրա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված դժվա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լուն»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այս օրերին կարևորում է այն մոբիլիզացիան, որը ցույց տվեց մեր հասարակությունը: «Հայ ազգը չափազանց մեծ մոբիլիզացիա ցույց տվեց: Իհարկե, հասկանալի է, որ մեր տնտեսությունն այդքան էլ լավ վիճակում չէ: Մինչ այս էլ կային խնդիրներ թե՛ տնտեսական հարաբերությունների, թե՛ աշխատատեղերի, թե՛ նոր բարիք ստեղծելու, թե՛ նաև եկամուտների առումով: Բայց, անկախ այդ առկա խնդիրներից, գոյություն ունեցող այս պատերազմական իրավիճակում մեծ մոբիլիզացիա եղավ: Այդ դեպքում մեր յուրաքանչյուր քաղաքացի առաջնորդվեց պետության կարևորության հրամայականով:

Խոսքը գոյություն ունեցող շրջանառությունը պահպանելու, դա անհրաժեշտ տեղեր ուղղելու պատրաստակամության ու ջանքերի մասին է: Խոսքը նաև աշխատանքն ավելի կարևորելու մասին է: Ամեն ինչ ուղղված է իրավիճակով պայմանավորված դժվարությունները հաղթահարելուն: Ու այս պարագայում ես ուզում եմ ողջունել մեր քաղաքացիներին, մեր աշխատողներին, մինչև անգամ չաշխատողներին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Տնտեսագետի խոսքով, բնական է, որ այս պարագայում զսպվածության և խնայողության որոշակի մոտեցում կա տնտեսության մեջ, ինչի պատճառն այսօրվա դժվար իրավիճակն է: «Մենք չենք կարող արհեստականորեն ակտիվություն պահել:

Մեծ հաշվով, եթե այլ իրավիճակներում մենք ունեինք, այսպես ասած, ազատության որոշակի աստիճան, հիմա այդ հնարավորությունը բոլորի մոտ ի չիք է դարձել: Բոլորը խիստ ռացիոնալ և նպատակամետ ճանապարհով են գնում: Այսօր Արցախից շատերն են այստեղ: Մենք տեսանք նաև մեր քաղաքացիների պատրաստակամությունը նրանց բոլորին աջակցելու, կացարաններով ու այլ անհրաժեշտություններով ապահովելու մեծ ցանկությունը: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ժողովուրդը կարող է իր վերջին հացը կիսել այս պահին ավելի մեծ կարիք ունեցողի հետ:

Հիմա մեր շրջանառությունը միայն նշված ուղղությունների և նշված իրողությունների կտրվածքով կարող է աշխուժանալ: Այս իրավիճակում պարզ է, որ իրական շրջանառությունը կապված է արտադրական գործընթացների հետ, որն առայժմ որոշակիորեն հետին պլան է մղված՝ պայմանավորված ինչպես համավարակով, այնպես էլ պատերազմով»,-ընդգծեց Վ. Բոստանջյանը: Նա մի քանի կարևոր հանգամանք առանձնացրեց այս պահի համար: «Ընդհանրապես, թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ տնտեսվարող սուբյեկտները պետք է այս պահին պատշաճ կատարեն իրենց պարտավորությունները պետության նկատմամբ:

Հարկերը պետք է պատշաճ ձևով վճարել: Երկրորդ կարևոր հարցը պետք է լինի դրանց չափազանց ռացիոնալ օգտագործումը: Խոսքը թե՛ բյուջետային ծախսերի, թե՛ «Հայաստան համահայկական հիմնադրամին» նվիրաբերած գումարների մասին է: Պետք է ապահովվի այդ ծախսերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, հստակ լինի այն նպատակը, որի համար ուղղվում կամ ուղղվելու են ծախսերը: Որքան էլ նվիրատվությունները կարևոր են, բայց ինչպես բոլոր երկրների համար, այնպես էլ մեզ համար հիմնականը բյուջեն է: Բյուջեն է, որ կարողանում է լուծել հատկապես սոցիալական բնույթի խնդիրները:

Եվ այս առումով չափազանց ռացիոնալ կերպով պետք է օգտագործել բյուջետային միջոցները»,-ընդգծեց նա: Անդրադառնալով այն փաստին, որ դրամը, այնուամենայնիվ, շարունակում է կայուն մնալ, տնտեսագետը կարևորեց Կենտրոնական բանկի դերը: «Կենտրոնական բանկը իր ձևավորման օրվանից մինչ օրս, թերևս, ամենակայացած և շուկայական ժամանակակից մեխանիզմներին ամբողջությամբ համապատասխանող ինստիտուտն է:

Բոլոր դեպքերում, ԿԲ-ն իր գործիքակազմով, իր մոտեցումներով, փաստորեն, անում է գրեթե անհնարինը՝ թե՛ վարկային ինստիտուտը կարգավորելու, թե՛ փոխարժեքը պահպանելու տեսանկյունից: Եվ պետք է ողջունել այս քաղաքականությունը: Մեր պետական կառավարման մյուս ինստիտուտները ևս պետք է կարողանան աշխատել այնպես, ինչպես աշխատում է Կենտրոնական բանկը»,-եզրափակեց Վ. Բոստանջյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular