ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քա­նի՞ քննու­թյուն պետք է հանձ­նել բուհ ըն­դուն­վե­լու հա­մար. ԿԳՄՍ-ն հան­րա­յին քննարկ­ման է ներ­կա­յաց­րել ցան­կը և կար­գը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
  «Փաստ» օրաթերթը գրում է
 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021-2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Հիմնական նպատակն է հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների: Նշվում է՝ բուհերն իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն այս նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը:
 
Անկախ բուհի կարգավիճակից՝ պետական կամ ոչ պետական, բոլոր դիմորդների համար նախատեսվում է ապահովել ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն ընդունելության երկու քննության հանձնում, կամ թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից: «Փաստը» մի քանի բուհերի և դրանց կողմից առաջարկվող մասնագիտությունների օրինակների վրա ցույց է տալիս, թե ինչ է առաջարկում նախարարությունը: Բոլոր բուհերին ու մասնագիտացումներին անդրադառնալ, իհարկե, չենք կարող:
 
Երևանի պետական համալսարանի առաջարկած մի շարք մասնագիտությունների դեպքում ոչ մրցութային քննությունների գնահատականները, որոնք հիմնականում հայոց և օտար լեզվի գրավոր քննություններն են, առաջարկվում է փոխանցել միջնակարգ կրթության ատեստատից կամ համապատասխան ավարտական փաստաթղթից¬, լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը: Պետական համալսարանում մի շարք մասնագիտությունների դեպքում դիմորդները հանձնելու են երկու մրցութային քննություն, ինչպես, օրինակ՝ «Պատմություն», «Հնագիտություն», «Փիլիսոփայություն», «Հայոց լեզու և գրականություն» և այլն:
 
Մինչդեռ կան մասնագիտացումներ, երբ դիմորդները պետք է հանձնեն երեք մրցութային քննություն: Խոսքը «Թյուրքագիտություն», «Արաբագիտություն», «Իրանագիտություն», «Լրագրություն», «Հանրային կառավարում», «Իրավագիտություն» և այլ մասնագիտացումների մասին է: Հիմնականում օտար լեզուներին առնչվող մասնագիտացումների դեպքում դիմորդները, բացի երկու պարտադիր մրցութային քննությունից, վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ դրա բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: Հետաքրքիր պատկեր է «Կենսաբանություն», «Քիմիա», «Սննդի անվտանգություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և մի քանի այլ մասնագիտացումների դեպքում: Այս պարագայում պարտադիր է մեկ քննությունը, երկրորդի դեպքում դիմորդը կարող է օգտագործել ատեստատում առկա համապատասխան առարկայի քննության կամ էլ տարեկան գնահատականը:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պարագայում բոլոր մասնագիտացումների դեպքում ոչ մրցութային գնահատականը կարող է փոխանցվել ատեստատից: Դա կարող է լինել ինչպես ավարտական քննության, այնպես էլ տարեկան գնահատականը: Ի դեպ, խոսքը հայոց լեզվի և գրականության գրավոր քննության գնահատականի մասին է: Պոլիտեխնիկական համալսարան ընդունվելու համար դիմորդները պետք է հանձնեն մեկ գրավոր պարտադիր քննություն, հիմնականում՝ ֆիզիկա կամ մաթեմատիկա առարկաներից, երկրորդ քննության գնահատականը դիմորդները «բերում են» դպրոցից: Գրեթե նույն պատկերն է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ մեկ պարտադիր քննություն, իսկ մյուս քննության գնահատականը դիմորդները կարող են նշել ատեստատում եղած գնահատականը:
 
Բացառություն են կազմում միայն «Դիզայն», «Գրաֆիկական դիզայն» և «Միջավայրի դիզայն» մասնագիտությունները, երբ դիմորդները պետք է հանձնեն ընդհուպ երեք մրցութային քննություն: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ևս նույն պատկերն է՝ մեկ պարտադիր մրցութային քննություն, մյուսի գնահատականը կարող է նշվել ատեստատում առկա միավորը: Այլ պատկեր է, օրինակ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դեպքում: Այս բուհ ընդունվելու համար դիմորդները պետք է երկու կամ երեք պարտադիր մրցութային քննություն հանձնեն՝ կախված մասնագիտությունից:
 
Մի քանի մասնագիտության դեպքում օտար կամ հայոց լեզվի գնահատականը կարող են նշել իրենց ատեստատներում առկա գնահատականները: Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում պատկերը 50/50 է: Այսինքն՝ որոշ մասնագիտացումների դեպքում դիմորդները կարող են հանձնել բացառապես մեկ քննություն, իսկ երկրորդի գնահատականը նշել ատեստատում առկա գնահատականը, մյուս դեպքում էլ պարտադիր է երկու մրցութային քննության հանձնումը: Խոսքը օտար լեզուներին, ինչպես նաև երաժշտությանն ու պարարվեստին վերաբերող մասնագիտացումների մասին է:
 
Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք մասնագիտացումների պարագայում պարտադիր է երկու մրցութային քննության հանձնումը: Խոսքը օտար և հայոց լեզուների մասին է: Մի քանի մասնագիտացումների դեպքում դիմորդը հնարավորություն ունի օգտագործել ատեստատում առկա գնահատականը: Պատկերն այլ է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դիմորդները բոլոր մասնագիտացումների դեպքում պետք է հանձնեն մրցութային երեք քննություն: Նույն պատկերն է նաև Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նույնպես դիմորդները պետք է մրցութային երկու պարտադիր քննություն հանձնեն:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular