ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ում հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով․ Քերի Քավանո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ամերիկացի դեսպան Քերի Քավանոն, որը 1999-2001 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ է եղել։

«Այնտեղ ռազմական գործողությունները ոչ մեկի շահերի շրջանակում չեն,- ընդգծել է նա։ - Հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններով է անցնում։ Դա դժվար ճանապարհ է»։

«Եթե հարց տանք՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր մշակելու հնարավորություն արդյոք կա՞, ապա պատասխանն է՝ այո,- շարունակել է նա։ - Բայց դրան հասնելու համար երկու կողմերը պետք է դրսեւորեն բանակցությունների պատրաստակամություն եւ իրենց երկրների հանրային կարծիքը նախապատրաստեն այդպիսի համաձայնության ընդունմանը։ Անչափ ժվար է դրան հասնել այն պայմաններում, երբ ռազմական գործողություններ են ընթանում»։

Քերի Քավանոյի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ձեռնարկվող կարգավորման ջանքերը նախկինի պես անհրաժեշտ են։

«Գիտեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցներում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հաստատել են Մինսկի ձեւաչափին իրենց հանձնառությունը,- նշել է նա։ - Կարծում եմ, որ նրանք կշարունակեն աշխատել այս ձեւաչափում, իսկ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս գործընթացին նպաստելու են։ Իհարկե, երբ հակամարտության մասնակիցները վերադառնան բանակցային սեղանի շուրջ, կկարողանան քննարկել այս ձեւաչափում ինչ-որ փոփոխություններ կատարելու հնարավորությունները, բայց դրա համար նրանք պետք է դադարեցնեն մարտական գործողությունները»։

Քերի Քավանոն շեշտել է, որ երկու կողմերը «պետք է որոնեն փոխընդունելի փոխզիջման մշակման հնարավորությունը»։ «Հիմա երկու կողմն էլ զբաղեցնում է առավելագույնս կոշտ դիրքորոշում,- շարունակել է նա։ - Երկու կողմն էլ այն պաշտպանում է հանրային տիրույթում, բայց նրանք պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ եւ փոխզիջում մշակեն։ Կարծում եմ՝ այդ լուծումը հնարավոր է գտնել»։

Քերի Քավանոյի կարծիքով՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է այսուհետեւ եւս բանակցություններում հանդես գան միջնորդների դերով։

«Դուք տեսաք, թե որքան դժվար էր հասնել հրադադարի մասին համաձայնագրին,- նշել է նա։ - Հիմա հակամարտող երկու կողմերի դեմ առ դեմ բանակցությունները ոչ մի բանի չեն հանգեցնի։ Այս պահին նրանք լուծման որոնումներում միջնորդների կարիք ունեն, բայց նրանք միջնորդության պետք է դիմեն, եթե ունեն փոխզիջման պատրաստակամություն»։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման որոնումներում ԱՄՆ դերին վերաբերող հարցին՝ դեսպանը նշել է, որ «վերջին տարիներին այդ դերը պակաս ակտիվ է եղել», բայց դրա հետ մեկտեղ չի բացառել այն բանի հնարավորությունը, որ նոյեմբերի 3-ին անցկացվող նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ն այս հարցում ավելի ակտիվ քաղաքականություն կվարի։

Նյութի աղբյուր՝  News.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular