ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմական իրավիճակում հարկավոր է ամեն բառին և արտահայտությանը ուշադիր լինել. հոգեբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմական շրջանում հասարակության մոտ առաջանում են տագնապային տրամադրություններ, բացասական հույզեր, վախեր, անորոշության զգացում: Ուստի, այս պահին հայ ժողովուրդը, գտնվելով պատերազմական իրավիճակում, նույնը նաև մեդիա տիրույթում է ընթանում, որը հարկավոր է հաշվի առնել և զգոնություն ցուցաբերել:

«Չմոռանանք, որ մեդիադաշտում մեզ հետևում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև մեր թշնամիները, որոնք ամեն կերպ փորձում են հոգեբանորեն մանիպուլյացիայի ենթարկել մեր ազգաբնակչությանը, որպեսզի այդ դաշտն օգտագործելով, կարողանան հոգեբանական ճնշում գործադրելով թուլացնեն մեր պայքարը: Որպես հորդոր, կոչ մեր հայրենակիցներին, կարող եմ ասել, որ հետևեն բացառապես պաշտոնական լուրերին, քանի որ այս պահին համացանցում աղավաղված լուրերը շատ-շատ են: Եվ դրանք տարածվում են ոչ միայն ֆեյք էջերով, որտեղ կարող ենք բազմաթիվ սուտ լուրեր կամ ապատեղեկատվություն տեսնել, այլև իրականությունից հեռու գրառումների հանդիպել, որոնք կարող են ազդել ընդհանուր տրամադրությունների վրա»,- ասաց Կ. Գևորգյանը:

Մյուս կողմից, պատերազմական իրավիճակում, երբ պաշտոնական տեղկատվությունը սկսում է ուշանալ, հասարակությունը, բնականաբար, սկսում է այլ աղբյուրերից տարածվող ինֆորմացիայով հետաքրքրվել, ինչն էլ hենց դառնում է խայծ, որից տեղեկատվական պատերազմի ժամանակ օգտվում է հակառակորդը: Այդ ամենից խուսափելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս չկորցնել զգոնությունը, քանի որ հուզական իրավիճակում շատ հեշտ կարելի է սխալներ թույլ տալ, ինչը կարող է հանգեցնել բացասական երևույթների:

«Սովորական սպառողի կամ ոչ մասնագետի համար դժվար է զանազանել ճշմարտությունը ստից: Այդ ամենով հանդերձ պետք է ուշադրություն դարձնել օբյեկտիվ տեսակետներին: Շատ հաճախ բանավիճող կողմերն իրենց տեսակետն են արտահայտում, բայց դրանից բացի կա օբյեկտիվ իրականություն, որը այս կամ այն կերպ հասնում է ազգաբնակչությանը: Բայց խնդիրն այն է, որ պետք է հաշվի առնել, որ այստեղ ևս ամեն ինչ չէ, որ կարող է համապատասխանել ռեալ իրականությանը: Հաճախ, տեղեկությունները մեկը մյուսին փոխանցելիս լինում են չափազանցություններ, շեղումներ, որոնք ևս վտանգավոր են: Դրանք կարող են խուճապային տրամադրություն և շփոթություն առաջացնող իրավիճակի պատճառ դառնալ: Երբ այդ ամենին գումարվում է նաև լրագրողների ինտրիգ առաջացնելու միտում հետապնդող տեղեկությունների տարածումը, ապա այն կարող է քաոսային իրավիճակ առաջացնել հասարակության շրջանում: Ուստի, պատերազմական իրավիճակում հարկավոր է ամեն բառին և արտահայտությանը ուշադիր լինել և տագնապ, խուճապ առաջացնող բառեր չօգտագործել, քանի որ այն կարող է բավական լուրջ հետևանքների պատճառ դառնալ»,- ասաց Կ. Գևորգյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular