Ռազմի դաշտում է որոշվելու, թե ինչ են բանակցությունների արդյունքում ֆիքսելու միջազգային կառույցները հակամարտող կողմերի համար. «Իրատես»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է.
Մեկ օրվա ընթացքում ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ երեք բավականին հետաքրքիր ու հնչեղ իրադարձություններ տեղի ունեցան։ Հասկանալի է‚ որ մեծ քաղաքականության մեջ նման զուգադիպություններ գրեթե չեն լինում։
Նախ Կրեմլին մերձ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցազրույց տվեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ընդ որում, երեք լրագրողներից երկուսը հայ էին։ Հարցազրույցի ընթացքում Լավրովը շատ բաց խոսեց, ինչը այնքան էլ հաճախ չի պատահում դիվանագետների դեպքում։ ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, որ թեև հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև‚ այնուամենայնիվ‚ մեծ հաջողություն է, որ Ռուսաստանը կարողացել է, ավելի շուտ, ստիպել է թեժ մարտերի մեջ գտնվող կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Ըստ էության‚ Լավրովն արձանագրեց, որ միայն Ռուսաստանը կարող էր նման բան անել։ ՈՒ պատահական չէր, որ հատուկ նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը՝ շեշտելով, որ վերջինս հեռակա ներկա է այդ հանդիպմանը, քանի որ բանակցությունների ընթացքում մի քանի անգամ կապվել և զրուցել է ՌԴ նախագահի հետ։
Լավրովն իր հարցազրույցում բացեց այն ակնկալիքները, որ ունի ռուսական կողմը։ Արձանագրվեց, որ ձեռքբերվածը միայն հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն չէ, այլ պարունակում է փոխկապակցված երկու բլոկ՝ անժամկետ զինադադար և ամենակարևորը՝ կողմերին պարտադրվում է անմիջապես զինադադարին զուգահեռ սկսել առարկայական բանակցություններ հիմնական սկզբունքների շուրջ։ Այնպիսի տպավորություն է, թե այս երկու կետերը ոչ թե բխում են մեկը մյուսից, այլ պարտադրված են կողմերին, որ առանց բանակցությունների զինադադար չի էլ կարող լինել։ Այն, ինչ ասաց Լավրովը (5+2 բանաձևի հիշատակումը) ոչ մի նորություն չէր պարունակում, դա արդեն 12-13 տարի բանակցային սեղանին դրված Մադրիդյան սկզբունքներն էին՝ ճանապարհային քարտեզով։ Բոլորը հասկացան, որ բանակցությունները սկսվում են մի կետից, ինչը որքան էլ տհաճ հնչի շատերի համար, երկու, իսկ հետագայում նաև հինգ ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելն է։ Ինչ-որ փուլում պետք է նաև քննարկվի Արցախի ինքնորոշման հարցը։
Լավրովը չասաց իհարկե, որ գլխավոր խնդիրը հենց ինքնորոշման հարցն է։ Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները նշում են, որ Ադրբեջանը ոչ թե «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» բանաձևն է կիրառում, այլ «խաղաղություն՝ տարածքների դիմաց»։ Փաստորեն, Ադրբեջանը որևէ կերպ չի ընդունում, որ Արցախը կարող է ինքնորոշվել Ադրբեջանից դուրս։ Այստեղ է ամենագլխավոր տարաձայնությունը, և հասկանալի չէ, թե հանուն ինչի պետք է Հայաստանը կատարի տարածքային զիջումներ։
Մի քանի ժամվա տարբերությամբ երկրորդ առանցքային իրադարձությունը գրանցվեց. հայտարարվեց, որ հատուկ ուղերձով հանդես է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր ուղերձում մի փոքր էքսկուրս կատարեց բանակցային գործընթացի վերջին 2,5 տարվա պատմության շուրջ։ Հիմնական թեզն այն էր, որ Ադրբեջանը որդեգրել է «խաղաղություն՝ տարածքների դիմաց» սկզբունքը և տարիների ընթացքում Ադրբեջանը բանակցությունները կետ առ կետ բերել է այս բանաձևին։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան չէր լինի, եթե չշեշտեր, թե ինչպիսի ծանր ժառանգություն է ստացել նախկին իշխանությունների կողմից։ Եվ ստեղծված իրավիճակը ոչ թե իրենց բացթողումն է, այլ նախկինների ձախողումների հետևանքը։ Նկարագրելով իրավիճակը՝ առաջին անգամ հրապարակավ ասվեց, որ ադրբեջանցիների առաջ քաշած բանաձևը՝ «տարածքներ ոչնչի դիմաց», մեզ ձեռնտու չէ, ուստի ՀՀ կառավարությունը հրաժարվել է նման կետի շուրջ բանակցություններից, ինչի պատճառով Ադրբեջանը որոշել է հարցը լուծել պատերազմի միջոցով։
ՀՀ վարչապետն առաջին անգամ խոստովանեց, որ որոշակի անհաջողություններ կան նաև ռազմաճակատում։ Եվ ամենահետաքրքիրն այն էր, թե ի վերջո ինչ ծրագիր է ներկայացվելու, և ինչ ծրագիր կա։ Գործնականում որևէ ծրագիր չներկայացվեց։ Վարչապետն արձանագրեց, որ «խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգով բանակցությունների Հայաստանը չի մասնակցում ու չի մասնակցելու և շարունակելու է պատերազմը։ Սակայն այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու են ստորագրվել մոսկովյան համաձայնագրի երրորդ և չորրորդ կետերը, որոնք հենց վերաբերում են բանակցությունների վերսկսման հիմնական սկզբունքներին, ընդ որում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, առանց Արցախի մասնակցության։ Չի բացառվում, որ պաշտոնական մակարդակով Ադրբեջանը փորձել է Թուրքիան նույնպես մտցնել բանակցային գործընթացի մեջ։ Վարչապետի հայտարարությունից պարզ դարձավ, որ մենք ցանկանում ենք բանակցել, սակայն Մադրիդյան սկզբունքները կամ հարցի լուծման՝ պաշտոնական Բաքվի ընկալումները, որին բավականին լոյալ են վերաբերվում միջնորդները, Հայաստանի համար ընդունելի չեն։ Ընդունելի չեն անգամ ռազմական ճնշումների ներքո։ Փաստորեն, ասվեց, որ Հայաստանն առկա օրակարգով չի բանակցելու. ըստ էության, ակնարկվեց, որ պետք է բերվի հարցի լուծման նոր փաստաթուղթ՝ կազմված նոր սկզբունքների հիման վրա։
Երրորդ կարևոր իրադարձությունը, որին նույն օրն ականատես եղանք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձն էր։ Իր խոսքում Արցախի ղեկավարը նշեց, որ թշնամին ունի որոշակի հաջողություններ ռազմաճակատում, և ըստ էության, էլ ավելի խորացրեց մոբիլիզացիայի աստիճանը՝ դիմելով համայն հայությանն ու աշխարհասփյուռ արցախցիներին ու կոչ արեց վերադառնալ, պաշտպանել հայրենի սահմանները։ Նա, օրհասական անվանելով իրավիճակը, ընդգծեց, որ ոչ միայն ֆինանսական աջակցություն է պետք, այլև ֆիզիկական մասնակցություն պատերազմին։
Մի քանի ժամվա ընթացքում վերոնշյալ երեք իրադարձությունները նոր իրավիճակ բացահայտեցին.
ա) ռազմաճակատում իրավիճակը բավականին բարդ է և օրհասական,
բ) բանակցությունների օրակարգը հայկական կողմի համար գրեթե կապիտուլյացիա է ներկայացնում
գ) պարզվեց, որ Հայաստանը չի ընդունում բանակցությունների առկա օրակարգը, սակայն նոր օրակարգ գոյություն չունի։
Սա նշանակում է, որ Հայաստանը սպառնում է տապալել բանակցությունները և փորձում է մեծացնել իր խաղադրույքները, բանակցային ռեսուրսը՝ ստիպելով միջնորդներին այլ տարբերակներ առաջարկել և նվազեցնել Ադրբեջանի նկրտումները։
Այս համատեքստում հայկական կողմը ակտիվացրել է մեկ այլ օրակարգ՝ Արցախի ճանաչման օրակարգը։ Ըստ էության, եթե միայն Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, առանձնապես իրավիճակ չի փոխի, բացի այն, որ այդպիսով հայտարարվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն անիմաստ էր մինչ օրս գործել։ Այլ հարց է, եթե Արցախի ճանաչումը արձանագրվի նաև այլ երկրների, առավել ևս Մինսկի խմբի անդամ երկրի կողմից։ Այս առումով հետաքրքիր է, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի օրակարգ են փորձում մտցնել Արցախի ճանաչման հարցը։ Իհարկե, այն փաստը, որ այս խնդիրը հասել է ամենաազդեցիկ երկրներից մեկի խորհրդարանի օրակարգ, որոշակիորեն խառնում է խաղաքարտերը։ ՈՒ պատահական չէ, որ Ալիևն իր հարցազրույցներից մեկում հատուկ շեշտել է, որ եթե որևէ երկիր ընդունի Արցախի անկախությունը, Ադրբեջանն անմիջապես կչեղարկի այդ երկրի հետ հարաբերությունները։ Բնական է, որ այդ կանխարգելիչ հայտարարությունն իր ազդեցությունը թողնում է քաղաքական գործընթացների վրա։
Այստեղ նկատենք, որ ՀՀ որոշ քաղաքական շրջանակներ պնդում են, որ ավելի նպատակահարմար է դնել Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման հարցը։ Այդ պարագայում իրավիճակն էլ ավելի կխճճվի, ընդ որում, այստեղ ոչ միանշանակ դիրքում կհայտնվի Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ Ռուսաստանը, որը խնդիրներ կունենա, քանի որ Հայաստանը կհայտարարի, որ Արցախն իր տարածքն է, ու ՀԱՊԿ-ը պարտավոր է պաշտպանել Հայաստանն ադրբեջանական կամ թուրքական ոտնձգություններից։ Հայաստանի ու Արցախի միավորման վտանգը կարող է ստիպել շատերին կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանին բավարարելու և ավելորդ գլխացավանքից իրենց ազատելու համար։ Փաստորեն, Հայաստանը կարող է խաղարկել Ղրիմի տարբերակը, ինչը դժվար թե ՌԴ-ի սրտով լինի։
Հայաստանը որոշակի քաղաքական հնարքներ բանեցնելու, բանակցային գործընթացում բեկում մտցնելու հնարավորություններ ունի։ Սակայն պարզ է, որ Հայաստանն ինչ էլ ասի, բանակցություններն արձանագրելու են ռազմաճակատում առկա իրավիճակը, եղած շփման գծերը։ Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքական ամենատարբեր մոդիֆիկացիաներին, հայտարարություններին, բաց և փակ բանակցություններին զուգահեռ առաջին պլանում լինելու է պատերազմը։ Ռազմի դաշտում է որոշվելու, թե ինչ են, ի վերջո, բանակցությունների արդյունքում ֆիքսելու միջազգային կառույցները հակամարտող կողմերի համար։
Ամեն դեպքում նաև հարցականի տակ է՝ արդյոք Հայաստանի այսօրվա պաշտոնական դիրքորոշումն ու վարքագիծը նախօրոք համաձայնեցվա՞ծ է եղել շահագրգիռ որոշ գործընկեր երկրների հետ‚ որոնց իր ուղերձում հիշատակել էր ՀՀ վարչապետը՝ երախտագիտություն հայտնելով նրանց գործունեության համար։ Նաև պարզ չէ‚ թե արդյոք իրավիճակի վրա ազդեցություն թողնու՞մ է այն փաստը‚ որ Ադրբեջանը‚ ըստ էության‚ ուղղակիորեն գրոհել է ՀԱՊԿ-ի անդամ հանդիսացող Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական թիրախների վրա‚ և արդյոք այս հանգամանքը նոր ռեսուրսներ չի՞ ստեղծում առկա ռազմաքաղաքական իրավիճակում Հայաստանի համար։ Այս առումով կարող է առավել քան առարկայական բնույթ ունենալ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիփ Էրդողանի առաջին հեռախոսազրույցը Արցախյան պատերազմի մեկնարկից ի վեր։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում